Մատչելիության հղումներ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հայ-ադրբեջանական հանդիպման արդյունքում իրավիճակը բարելավվել է. ԱԱԾ


Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ կրկին առանց մանրամասնելու, թե նախ՝ ինչ է նշանակում իրավիճակի բարելավում, արդյոք ադրբեջանցիները դուրս են եկել Հայաստանի տարածքից, ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, կոնկրետ երբ է այն կայացել։

«Ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ», - վստահեցնում է իրավապահ կառույցը։

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ի երեկոյան հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ Մինչդեռ ԱԱԾ-ի հաղորդագրությունից ժամեր առաջ կառավարության նիստում անդրադառնալով բարձունքներ գրավելու Բաքվի պնդումներին՝ վարչապետը պնդել էր, թե փոփոխություններ չեն եղել։

Ազգային անվտանգության ծառայությունը այդ հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությամբ երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, գերատեսչությունից չէին պարզաբանել, միայն շեշտել էին, թե այդ հատվածում Հայաստանի բանակը դիրքեր չի ունեցել. «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:

XS
SM
MD
LG