Մատչելիության հղումներ

Տեղ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները շարունակում են խրամատավորման աշխատանքները


Տեղ գյուղի բնակիչները, որ առանց հեռադիտակի էլ հետևում են ադրբեջանական շարժին, փոխանցեցին, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։

«Էրկու հեկտար հող ունեմ, մըհեկ իմս չի, թուրքինն ա։ Լափ իմ հողամասումս հենա կանգնած, դրոշը տնկած», - ասում է Բենիկ Աբալյանը՝ հիշելով, որ երբ գյուղապետից որևէ տեղեկանք էր պահանջում, ասում էր՝ հողի հարկը վճարիր, նոր... Վճարել է... ու դատարկ նստել. - «Ցորեն եմ անում, գարի եմ անում, թողում եմ խոտ անում, բերում անասուն պահում։ Գյուղացի մարդ եմ, ես հի՞նչ պիտի անեմ»։

Բենիկ Աբալյան
Բենիկ Աբալյան

Հիմա էլ հայկական կողմը գյուղից մի փոքր ներքև հսկիչ կետ է տեղադրել , որպեսզի բնակիչները ադրբեջանցիների զբաղեցրած տարածքների կողմ չգնան ... բայց այդտեղ դեռ կան հողատարածքներ, որ գյուղացիներին են մնացել։

«Հենե միլիցեքը ստեղ էն ներքևը կանգնած, չեն թողում, որ քինան», - ասում է Աբալյանը։

86-ամյա Կոմունա Դալլաքյանի հողը իրենն է, բայց՝ հայկական անցակետից այն կողմ։ Ոստիկանները հորդորում են չգնալ. - «Ասում ա՝ պատասխանատու չենք մենք քեզ, մենք քեզ ասում ենք, որ չքինաս»։

Ոստիկանները չլինեին էլ, վախենում է, իր դաշտի հարևանությամբ ադրբեջանցիների նոր հենակետերն են. - «Քըշերը քոն ենք ինում, կնանիք մեզանա շատ են վախում... Ասում են՝ կյալու են մեզ հրացան անեն, պյան անեն... հո՞ւ են զենք տվալ, մինին մի զե՞նք են տվալ, որ տանը պահի»։

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել ու սահմանի ճշտման աշխատանք են իրականացրել։ Գրել են, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում «իրավիճակն էականորեն բարելավվել է»։ Ո'չ, ասում են գյուղում։

«Հետ քինալ իլալ չի, հալա հենե առաջ եկած... մեր գյուղացուց հողերն ա, հենե ընտեղ իրանք կաղնած», - ցույց է տալիս Դալլաքյանը։

Ի՞նչն է բարելավվել, այսօր լրագրողները խորհրդարանում հարցրել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ով նախ չի պատասխանել հարցին, հետո որոշել է պատասխանել. - «Ուրեմն, ես պատասխանում եմ հետևյալ կերպ։ Պաշտպանության նախարարությունը ունի լրատվական ծառայություն, լրատվական ծառայությունը պարբերաբար, անընդհատ, օպերատիվ կերպով արձագանքում է յուրաքանչյուր խնդրին»։

Պաշտպանության նախարարությանը մինչև այժմ որևէ տեղեկություն չի տարածել Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական ներխուժման մասին։ Միայն Ազգային անվտանգության ծառայությունն է հայտարարել, որ 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են տեղակայվել՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։

Որևէ գերատեսչություն՝ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, նաև Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չեն մեկնաբանում, թե հատկապես ինչ բարելավման մասին է խոսքը։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասում է՝ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր չեն նահանջել, արդեն տասնմեկ դիրք ունեն. - «Բարելավումը նա է, որ իրանք գնան Ջաբրայիլ։ Բարելավումը ո՞րն ա... Եկել են մարդկանց հարյուր հիսուն հեկտար հողը վերցրել... Որ կանգնած են, ինժեներական աշխատանքներ են տանում, դա կոչվում ա բարելավո՞ւմ։ Այսինքն՝ հա, լավ, ես տենց եմ հասկանում, որ ժողովրդին չեն կոտորում... բարելավումը դա է»։

Կոմունա Դալլաքյան
Կոմունա Դալլաքյան

«Ասելու բան չունեմ, արդեն մենք գերի դառած ենք», - հավելում է Կոմունա Դալլաքյանը։

Գյուղի տարեց բնակիչներն ասում են՝ փակ աչքերով կգծեն սահմանը, մի՞թե հայկական կողմից մեկը չկար, որ ադրբեջանցիների ճանապարհը փակեր քարտեզով։

«Իմ հողումս կաղնած ա իլալ ռուսը, նըհետը պայմանավորած ա իլալ թորքին ռուսը, որ մենք քինում ենք, դուք էկաք ընդեղ», - վստահ է Բենիկ Աբալյանը։

«Ամսի 29-ին ռուսը դուս ա եկալ, խրամատնին քըշերը քանդալ են... Դա մեր ընդհանուր ղեկավարի սխալ պյանն ա, որ ժամանակին ընդրանա առաջ չի քյացալ», - նշում է Դալլաքյանը։

Բենիկ Աբալյանը վրդովվեց. - «Ասում ա ապագա կա'... ապագան հ՞որ ա, էկ ապագան նհաշ տուր, կոխի աչքիս մեջը... կոխի ապագան աչքիս մեջը... Եկալ իմ հողս յեր կալալ, պապական հողս ա...»

Գյուղում արդեն հույս չունեն, թե ադրբեջանցիները կնահանջեն. շինարարության մեջ են թե' նրանք, թե' հարևանությամբ հայկական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG