Մատչելիության հղումներ

Բաքուն «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գրունտային ճանապարհի վերահսկողության համար


Ադրբեջանցի զինծառայողներն արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողներն արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ

Ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, ադրբեջանական գերատեսչությունը չի հստակեցնում։

Այսօր տարածած ծավալուն հաղորդագրությունում Ադրբեջանի ՊՆ-ը պնդում է, թե վերջին օրերին ակտիվացել է «անձնակազմի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի տարածքում տեղակայված ապօրինի հայկական զինված կազմավորումներին»։ Հաղորդագրությունում նշվում է, որ «տեղաշարժերն իրականացվում են հիմնականում գիշերը և մառախլապատ եղանակին»։

«Հայկական ապօրինի զինված կազմավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ինչպես նաեև ընդլայնում են հին երթուղիները, որոնք անցնում են որոշ լեռնային և ոչ ասֆալտապատ տարածքներով։ Դրա համար օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրային զինծառայողներ և տեղի բնակիչներ», - ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարում է, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:

Արցախի իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: «Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

«Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին», - ընդգծում է պաշտոնական Ստեփանակերտը՝ հավելելով. - «Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը»:

Տեղեկատվական շտաբը շեշտում է նաև, որ «Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»:

XS
SM
MD
LG