Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Նշվում է, որ կրակոցներն արձակվել են Սոս գյուղի բնակիչների ուղղությամբ, ովքեր էտման աշխատանքներ էին անում գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում, ինչպես նաև Թաղավարդ գյուղի բնակիչների ուղղությամբ։ Վերջիններս էլ գյուղատնտեսական աշխատանքներ էին անում «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում։
Ըստ հաղորդման՝ ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը, ի խախտումն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում», երեկ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: