Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը քայլեր է ակնկալում ռուս խաղաղապահներից, միջազգային հանրությունից


Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Արցախի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ակնկալելով ռուս խաղաղապահների գործնական քայլերը, ինչպես նաև հրամայական համարելով միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը:

«Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է է՛լ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները», - հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը:

«Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները», - ասված է հայտարարությունում:

«Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը», - ընդգծում է պաշտոնական Ստեփանակերտը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն շաբաթ օրը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար:
Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս ընդգծում է, որ ադրբեջանական կողմը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և Բաքվից պահանջում է հետ քաշել զինված ուժերը ելման դիրքեր:

XS
SM
MD
LG