Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե լավատես էր՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագիր լինելու է, այլ մեսիջ էր ուղարկում հզոր երկրներին, մասնավորապես, Միացյալ Նահանգներին, ովքեր ուզում են մի բան ստորագրվի ու խաղաղություն լինի տարածաշրջանում, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը՝ նկատելով՝ ինչ-որ չափով դա ստացվեց։
«Ադրբեջանն ասում է՝ «Հայաստանը չի ուզում, մենք ուզում ենք»։ Չի ասում՝ ինչո՞ւ առանձին դեպքերում դեմ են այս կամ այն կետին, բայց ասում է՝ «Հայաստանը չի ուզում»։ Ես կարծում եմ՝ այստեղ քաղաքական քայլ էր, որը վարչապետն արեց միջազգային հանրության համար», - նշեց Գրիգորյանը՝ հիշեցնելով՝ վարչապետի հայտարարությունից ժամեր անց Պետդեպարտամենտը, հանձինս խոսնակի, արձագանքեց Փաշինյանին։
Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկեց Ադրբեջանի գործողություններն ուղղված թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ՝ դրանք որակելով ագրեսիայի ակտ, ապա հայտարարեց՝ «խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»։
Ժամեր անց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, թե ԱՄՆ պետքարտուղարն ակտիվորեն ներգրավված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության քննարկումները դյուրացնելու գործում՝ շեշտելով՝ ոգևորված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով, շատ բարձր են գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ։
Ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հայտարարել, որ Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի դեմ ուղղված մեծ էսկալացիա չի լինի՝ Ստեփան Գրիգորյանը սա կապեց Ադրբեջանի նախագահի՝ օրերս Թուրքիա կատրած այցի հետ՝ նկատելով Անկարայում Իլհամ «Ալիևը Հայաստանի վրա հարձակվելու դաբրո չի ստացել և դա ակնհայտ է»։
«Կասկած չունեմ, որ վարչապետն էդ ինֆորմացիան ուներ, դա է պատճառը, որ ինքն ասեց, որ էսկալացիա մեծ չի լինի Հայաստանի դեմ ուղղված։ Ինչպես նաև կա միսիա, այդ քաղաքացիական միսիան՝ դիտորդական միսիան, որը զսպիչ մեզխանիզմ է», - եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։
Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․