Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության իրավունքը


Չնայած Բաքվից հնչող սպառնալիքներին ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին, վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց. - «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։

Պնդելով, թե խաղաղության պայմանագիր լինելու է՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց, թե այս պայմաններում դա ինչպես է հնարավոր։ Փոխարենը քննադատեց Իլհամ Ալիևին Թալիշում արած հայտարարությունների համար։ Ընդ որում, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիևի պնդմանը Փաշինյանը չանդրադարձավ, խոսեց միայն դելիմիտացիայի մասին։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահն ասել էր, թե որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա պետք է պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչպես նաև Բաքվի պայմաններով կատարի դելիմիտացիա։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», - զգուշացրել էր Ալիևը։

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ և Պրահայում, և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը խախտում է։ Իսկ այդ պայմանավորվածություններով Երևանն ու Բաքուն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջանությունն ու ինքնիշախնությունը, ինչն էլ պետք է հիմք դառնար սահմանազատման հանձնաժողովների համար. - «Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրում է էն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։ Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե' Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի և թե' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ - Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ»։

Հայաստանի վարչապետը հերթական անգամ զգուշացրեց միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ ընդգծելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանին քաջալերենում են գնալ նորանոր սադրանքների. - «Նման սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կարակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին, միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»։

Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած հավակնություններին, և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմանը։ Ըստ Փաշինյանի, այս անհեթեթ խոսույթը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։

Անցած տարվա դեկտեմբերից Ալիևը հրապարակավ խոսում է պատմական արդարությունը վերականգնելու և Զանգեզուր ու Երևան վերադառնալու Բաքվի ծրագրի մասին։

«Եվ այս շարունակական, Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը», - հայտարարեց Փաշինյանը։

Այսպիսով, ըստ վարչապետի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորում, քանի որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության իրավունքը։ Թե այս պարագայում ինչպես է ընդհանրապես հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Փաշինյանն որևէ բացատրություն չներկայացրեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG