Մատչելիության հղումներ

Ալիևի ելույթը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր. ԱԳՆ


Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր, հայտարարում է պաշտոնական Երևանը:

Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Իլհամ Ալիևը կոպտորեն խախտում է միջազգային հռչակագրեր ու կանոնադրություններ, Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները ևս, որոնց, Ալիևը հղում է անում հենց իր ելույթում:

Անկարայում ընթացող գագաթնաժողովին Ադրբեջանի ղեկավարը շարունակել է իր մեղադրական հռետորաբանությունը, նշելով, թե Հայաստանը չնայած 2022 թվականին «Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռ ամբողջովին դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից»։

«Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես նաև. «Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը»:

Ալիևը նաև ասել է, թե ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Հայաստանի ԱԳ նախարարությունը ընդգծում է, որ Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։

«Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ», - հայտարարում է ԱԳՆ-ն։

XS
SM
MD
LG