Մատչելիության հղումներ

Երևանը Մոսկվայից և Բաքվից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման ուղղությամբ կոնկրետ գործողություններ է ակնկալում. Միրզոյան


Երևանը թե՛ Մոսկվայից, թե՛ Բաքվից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման ուղղությամբ կոնկրետ գործողություններ է ակնկալում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով երկու օր առաջ Մոսկվայում բանակցել էր ռուս գործընկերոջ հետ։ Նրան հարցրել էին Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Լաչինը 101 օր է՝ փակ է, ադրբեջանցիները Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը չբացեցին անգամ Հաագայի դատարանի որոշումից հետո։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որտեղ պայմանավորվել են այն մասին, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմանի երթևեկությունը, և ահա այս երկու երկրներն անելիքներ ունեն բացելու ուղղությամբ. Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերահսկի այնպես, ինչպես գրված է հայտարարության մեջ», - ասաց Միրզոյանը:

Անցած դեկտեմբերին նախատեսված Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը չմասնակցեց՝ հենց Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ, այսօր Միրզոյանն ասաց՝ եռակողմ հանդիպման հնարավորություն առաջիկայում կա՝ չմանրամասնելով՝ երբ։

Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին, թե պետք է անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, Արարատ Միրզոյանը կրկնեց՝ Հայաստանը այդ հարցով չի բանակցում։ Իլհամ Ալիևը նաև երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում էր պնդել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը, նույն պատճառաբանությամբ, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։ Ադրբեջանական այդ պնդումները Երևանը բազմիցս է հերքել։

«Սա ամրագրված ռեժիմ է, ամրագրված պայմանավորվածություն է, և մենք էստեղ պիտի արդեն կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, այսինքն, ինչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ այդ հարցերի շուրջ, օրինակ, պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը նույն այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով: Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ», - ընդգծեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հեռավար, բայց խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, պնդում էր արտգործնախարար Միրզոյանը։ Հայաստանը ստացել է Ադրբեջանի դիտարկումները, հիմա աշխատում է դրանց շուրջ՝ Բաքվին իր առաջարկները փոխանցելու համար։

Ընդամենը 5 օր առաջ Ադրբեջանի նախագահը խաղաղության համար պայմանն առաջ քաշեց՝ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, պետք է ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իրենց պայմաններով սահմանազատում անեն։ Արդյոք հենց սա՞ է Բաքվի առաջարկը, Միրզոյանը չմանրամասնեց, Ալիևի հայտարարությանն էլ կոնկրետ չպատասխանեց։ Փոխարենը՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնեց:

«Էս ուլտիմատիվ կեցվածքը կա, էս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են», - ասաց Արարատ Միրզոյանը:

Իսկ բանակցությունները, խոստովանում էին այսօր իշխանությունները, ամենևին խաղաղության երաշխիք չեն. - «Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»:

XS
SM
MD
LG