Պաշտոնական Մոսկվան այսօր առաջին անգամ դիրքորոշում հայտնեց Ստեփանակերտ - Բաքու ուղիղ երկխոսության գաղափարի վերաբերյալ։
Իր հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հետևած ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարն ասաց՝ աջակցում են Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։
«Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, նույն իրավունքներն են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ», - նշել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք հայտնեց, թե նման պայմանավորվածությունների հասնելը դժվար գործ չէ, բայց ինչպես շեշտեց՝ ամեն ինչ կախված է միջնորդների պարկեշտությունից։
Նկատենք՝ եթե պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսությունը պետք է ընթանա միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո, Բաքուն կտրականապես մերժում է այդ հեռանկարը՝ պնդելով, որ Ղարաբաղն իր ներքին հարցն է։
Լավրով․ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ հայտարարությունների համատեքստում
Նախքան ասուլիսը Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը երկկողմ բանակցություններ էին ունեցել, դրանց մեկնարկին Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ասել էր, որ օրակարգի առաջնահերթ խնդիրը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն է, և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
Արդեն լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս՝ Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ հայտարարությունների համատեքստում, հատուկ ընդգծեց՝ յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունը։ Թե հայկական կողմը ինչ անելիքներ ունի ադրբեջանցիների կողմից փակված Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման հարցով, ռուսաստանցի պաշտոնյան չհստակեցրեց։
«Մենք կողմ ենք, որպեսզի խստորեն և ամբողջ ծավալով, առանց որևէ իմպրովիզների կատարվեն բոլոր այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այս համատեքստում», - ընդգծեց ՌԴ արտգործնախարարը։
«Արևմուտքը փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին»
Ասուլիսի մի ծավալուն հատված Լավրովը նվիրեց Արևմուտքի քննադատությանը։ Հայաստանի արտգործնախարարի ներկայությամբ նա պնդեց, թե Արևմուտքը, որն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն, փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և իրենով անել Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Նրանք, մեծ հաշվով, զբաղված են, ես կասեի, դիվանագիտական ռեյդերով, երբ փորձում են իրենցով անել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրերը, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այս ամբողջ աշխատանքին՝ ուղղակիորեն խարխլելով այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, որոնք ենթադրում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ մասնակցությունը և՛ տրանսպորտային, և՛ տնտեսական կապերի ապաշրջափակման, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի կնքման հարցում կողմերին աջակցելու հարցերում», - նշեց Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին»
Թեև պաշտոնական Երևանը պնդում է, որ դաշնակից ՀԱՊԿ-ի անգործության պայմաններում Մոսկվայի դժգոհությունը հարուցած Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմաններին ստիպված քայլ էր՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու նպատակով, այդուհանդերձ Լավրովը շարունակեց պնդել, թե Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին, ինչին, ի դեպ, Հայաստանի արտգործնախարարը չարձագանքեց։
«Մենք տեսնում ենք, եկեք իրերն իրենց անունով կոչենք, Ռուսաստանն ու Հայաստանը կռվեցնելու՝ Արևմուտքի անթաքույց ցանկությունը։ Փորձեր են կատարվում խաթարել անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը», - հայտարարեց Լավրովը՝ համոզմունք հայտնելով, թե «Արևմուտքին մտահոգում են ոչ թե տարածաշրջանում գտնվող պետությունների, այլ իր աշխարհաքաղաքական եսասիրական շահերը»։
Արարատ Միրզոյանը վերահաստատեց՝ ԵՄ-ի առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ, ինչպես պնդեց, Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
«Եռակողմ հայտարարությունում գրեթե կետ չի մնացել, որ Ադրբեջանը խախտած չլինի»
Դեռևս բանակցությունների մեկնարկին Հայաստանի դիվանագիտության ղեկավարը, դիմելով ռուսաստանցի պաշտոնակցին, ասաց՝ Երևանը դաշնակիցներից ակտիվ քայլեր է ակնկալում, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը։
Ըստ Միրզոյանի՝ եռակողմ հայտարարությունում գրեթե կետ չի մնացել, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ հրադադարի ռեժիմի խախտում, Հայաստանի տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիներ շարունակվող կալանք։ Ասուլիսի ընթացքում շարունակելով թվարկել այդ ցանկը՝ նախարար Միրզոյանը հիշեցրեց նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Արցախի մի շարք գյուղերի օկուպացիան։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է նախապատրաստում։
«Ամենևին չնվազեցնելով ՌԴ դերակատարությունը՝ տվյալ իրավիճակը ցույց է տալիս միջազգային մասնակցությամբ ցեղասպանության կանխարգելման և միջազգային դիտորդական ու փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը Լեռնային Ղարաբաղ», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Թե՛ Լավրովը, թե՛ Միրզոյանը մի քանի անգամ շեշտեցին, որ թափանցիկ ու անկեղծ զրույց են ունեցել։
Սա երկու պաշտոնյաների երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում, նախորդը մարտի 3-ին էր՝ Դելիում։ Դեկտեմբերին Մոսկվայում եռակողմ հանդիպում էր նախատեսված Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառաբանությամբ, Միրզոյանը չեղարկեց իր մասնակցությունը։ Այսօր Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը հայտարարեց, որ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, այժմ հարմար օր են ընտրում։