Անցած տարվա օգոստոսին բերձորցի Հասմիկ Կիրակոսյանի տունն անցավ Ադրբեջանին։ 18 տարի առաջ վերաբնակեցման ծրագրով էր տարեց կինը Հայաստանից Բերձոր տեղափոխվել, հիմա նորից Հայաստանում է, ժամանակավոր ապաստան է գտել Աբովյանի նախկին գիշերօթիկ դպրոցում։
Ասում է՝ 70 տարեկանում ամեն ինչ նորից, զրոյից է սկսում. - «Ինչ որ ստեղ տեսնում եք, դպրոցի գույքն ա և մի երկու բան նվեր է»։
Պատմում էր՝ տղան ու թոռները մի քանի ժամում փաստաթղթերը հավաքեցին, հարսի գերեզմանի հարցը լուծեցին ու ընդմիշտ հեռացան տնից. - «Ոչ մի բան ես Բերձորի իմ տնից չեմ հանել։ Էրեխեքը մենակ էդ նկարս են բերել։ Ես ապրել եմ, չէ՞... նորմալ ապրել եմ»։
Ադրբեջանցիներին թողած իրենց տանը մի քիչ նման մի շինություն այսօր չի կարողանում գտել Հայաստանում։ Կառավարության բնակարանի սերտեֆիկատն էլ փրկություն չէ։ Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն մարզերում, մինչև 12 միլիոն Արցախում տուն ձեռք բերելու համար։
Մարզերում մի քանի տուն արդեն հասցրել են գտնել ու կորցնել։ Տները օր-օրի թանկանում են։ Բացի դրանից, տեղահանված արցախցիներից շատերն են տևական ժամանակ բողոքում՝ գործարքին ընթացք տալու համար բանկերը 500 հազար դրամ կանխավճար են պահանջում։
«Ես ո՞րտեղից էդ հինգ հարյուր հազարը հավաքեմ», - տարակուսում է տիկին Հասմիկը։
Ընդամենը 7 ամիս ժամանակ ունեն տեղահանված արցախցիները սերտեֆիկատից օգտվելու համար։ Կառավարության ծրագիրը վերջնաժամկետ ունի։ Նախկին գիշերօթիկում էլ հասկացնել են տվել՝ երկար այստեղ չեն պահելու. - «Կմնանք դուրս... ո՞ւմ մեղքն ա։ Ինձ ստիպողաբար իմ տնից հանել են։ Իմ մեղքը ո՞րն ա, որ ես մի հատ էլ հինգ հարյուր հազար դնեմ բանկի մեջ»։
Բերձորից վերջին դուրս եկողներից Ալիսա Հովսեփյանը հավելում է. - «Որ տանը մոտենում ես, երեսուն, քառասուն... նենց գներ են ասում, որ դուռը փակում, դուրս ենք գալիս։ Էլ չեմ ասում բանկի համար»։
Նա էլ մի քանի քառակուսի մետրանոց սենյակ է զբաղեցրել Աբովյանի գիշեօթիկում։ Կրտսեր որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի, երկու ավագ որդիներն էլ պատերազմի ժամանակ վիրավորվել են։ Այս ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը տղաների օրավարձով աշխատանքն է. - «Էդ էրկու էրեխեն ինչքա՞ն աշխատեն, որ հացի փող էնեն։ Երկուսն էլ մեդալներով հետ են էկել, բայց ո՞ւմ է պետք էդ մեդալները, եթե էսօրվա դրությամբ մի կերպ ինձ չեն աջակցում...»
Ասում է՝ Բերձորում ապրելը հեշտ էր։ Երանությամբ էր հիշում բոստանը, պոպոքի ծառը. - «Ու ինձ տասնհինգ րոպե են ժամանակ տվել, որ ես էնտեղից դուրս գամ։ Եթե տասնհինգ րոպեից դուրս չգայի, ես ու փոքր տղաս հաստատ սաղ չէինք մնա էսօրվա դրությամբ։ Բայց թե մի կողմից էլ՝ երանի մեռնեինք... ախր շատ դժվար է, չեք պատկերացնում...»
Հադրութցի Զոյա Ավետիսյանի ցավն էլ կրկնակի է. Արցախի բնակչին սերտիֆիկատ չի հասնում։ Պարզ տեքստով ասել են՝ գնա Ղարաբաղ։ Հարցնում է՝ ինչպե՞ս, փակ միջանցքո՞վ. - «Բա ժամանակ կար, որ ասում էր՝ Ղարաբաղը Հայաստան ա և վերջ։ Էդ ուր ա էդ վերջը, է՞ս ա»։
Աբովյանի նախկին գիշերօթիկում տեղահանված 16 ընտանիք է ապրում։ Հոկտեմբեր ամսին այստեղ սարսափով են սպասում։
Կառավարությունը հավաստագիր է տրամադրել 3545 ընտանիքի, բայց ընդամենը 400-ը, մոտ 12 տոկոսն է հիփոթեքի գործարք կնքել։
Ի՞նչ կլինի 7 ամսից սերտիֆիկատը չօգտագործած կամ ընդհանրապես չստացած տեղահանվածների հետ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս հարցին դեռ պատասխան չունեն։