Մատչելիության հղումներ

«Գյուղը մեռած ա, արդեն ադրբեջանցիք են գնում-գալիս». Աղավնոյի նախկին բնակիչ


Աղավնոյի բոլոր բնակիչները արդեն հեռացել են գյուղից , մի քանի օր է հետդարձի ճամփա էլ չունեն։ Գյուղի մուտքը բնակիչների, բոլորի համար փակ է։

Կարեն Հակոբյանը գիշերը գաղտնի, որ ոստիկանները, ռուս խաղաղապահները չնկատեն, Աղավնո գետով գյուղ է մտել ու այրել իր տունը։

«Գետի մեջով էլ անցել եմ։ Անհնարինը ըրալ եմ, որ ես հասնեմ, էդ տունը վառեմ մենակ վառեմ։ Բայց դե ինչ-որ չափով, էն որ ասում են, սիրտս հովացավ», - ասում է նա։ - «Թուրքին չպըտի մնա գյուղը։ Դաժե... մարդիկ պըտի վառեն, պըտի ժամանակից շուտ վառեին»։

Աղավնոյի բոլոր բնակիչները արդեն հեռացել են գյուղից , մի քանի օր է հետդարձի ճամփա էլ չունեն։ Գյուղի մուտքը բնակիչների, բոլորի համար փակ է։

«Աղավնոն նույն վիճակն ա, նույն խաղաղապահներն են, ոստիկանությունը... Գյուղը մեռած ա, կոնկրետ մեռած ա գյուղը։ Արդեն ադրբեջանցիք են գնում-գալիս», - պատմում է Կարենը։

Խիստ հսկողությունն ու մուտքի արգելքը հենց հրդեհների դեմ են։ Արցախի տարածքային կառավարման նախարարը երբ Աղավնո էր եկել՝ տեղեկացնելու, որ օգոստոսի 25-ից այն ադրբեջանցիներին է հանձնվելու, հորդորեց մարդկանց տները չայրել, թե չէ բնակարանի գնման հավաստագիր չեն ստանա։ Աղավնոյում մարդիկ արգելքը շրջանցելու տարբերակներ են գտել ու 13 տուն արդեն հրդեհել են։

Կարեն Հակոբյան
Կարեն Հակոբյան

«Չէ՜, սկի մեզ պետք էլ չի սերտիֆիկատ։ Կոնկրետ ինձ պետք էլ չի։ Սերտիֆիկատ ես չեմ ուզում։ Ես ընդհանրապես չեմ ուզում ոչ մի բան», - ասաց Աղավնոյի նախկին բնակիչը։

Նա հիմա ընտանքի հետ Սյունիքի տեղ գյուղում է հաստատվել, հիասթափված է այնքան, որ պատրաստ է սիրտը կրակով հովացնելու դիմաց պատասխանատվության էլ ենթակվել, սերտիֆիկատից էլ զրկվել . - «Ինչ-որ մի բան պըտի անեն մեր հետ կապված, թող անեն, խնդիր չկա։ Մենք մտածելու ոչ մի բան չունենք։ Հիմա էդքանը որ կորցրալ ենք, էդքանից հետո թող վաբշե... էն որ ասում ա՝ մեռելը որ կա, խռխռալը որն ա»։

Արցախի օմբուդսմենը «Ազատության» եթերում էր հայտարարել, որ տեղահանվածների համար բնակարանային ծրագրերը գործում են բոլորի համար։ Այսինքն՝ կապ չունի, մարդը հեռանալիս տունն ինչ է արել՝ փայլեցրել-հանձնել է, թե մոխիր դարձրել։

Կարեն Հակոբյանն ասում է, որ ամբողջ գյուղով խաբվել են։ Որ այս սցենարն է լինելու, հասկացել է հենց առաջին հանդիպումների ժամանակ. - «Իրանք ոչ մի բան էլ չեն կարա մեր համար անեն։ Ոչ թե չեն կարա անեն, այլ չեն անի մեր համար։ Հադրութեցու համար արե՞լ են, չեն արել... Ոչ մեկի համար»։

Աղավնոյի հանձնման վերջին ժամերը դրամատիկ են եղել նաև գյուղի բնակիչներից Մարտիրոս Հակոբյանի համար։ Նա երեկ ցանկացել է հրդեհել տունը, ոստիկաններին տեղեկացրել է, որ նռնակ է տեղադրել, չմոտենան. - «Պահը էկել ա արդեն, որ մենք պետք ա գործողություն անենք, դուրս գանք, բոլորը մեզ շրջափակել են»։

Մարտիրոս Հակոբյան
Մարտիրոս Հակոբյան

Նրան ու երեք ընկերներին ահաբեկիչներ են անվանել ու արգելել դուրս գալ գյուղից։ Մտադրություն ունեին մեզ ադրբեջանցիներին հանձնելու, ասում է Մարտիրոս Հակոբյանը։ Աղավնոյից հաջողացրել է դուրս գալ անտառներով. - «Մեզ հետապնդում էին, ընկել էին մեր հետևից, չորս բոլորը անգամ ռուսները բետեռներով ճանապարհը փորձել են փակել, բայց քանի որ ընտեղ մենք տեղանքին ծանոթ ենք, իրանք մեզանից ավել բան չէին կարա անեին, մենք ամեն մի թուփը գիտենք... Վերջը մի կերպ դուրս են էկել, առավոտյան ժամը վեցին նոր հասել ենք Երևան։

Նրա փեսան այրվածքներ է ստացել հրդեհելու գործողության ժամանակ։ իսկ Հակոբյանի մեքենա մնացել է գյուղում, ասում է՝ բռնագրավել են ռուսները։ Տները հրդեհելու Արցախի իշխանությունների արգելքը Աղավնոյի բնակիչներին մղում է լուծումներ փնտրել արտասովոր ճանապարհներով։

Ադրբեջանն օրեր առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան, որպեսզի այդ կառույցը Հայաստանին պարտավորեցնի, որ դադարեցնեն Բերձորում, Աղավնոյում տներ այրելը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի տեղակցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դիմումը մերժել է՝ արձանագրելով, որ միջանկյալ միջոցի կիրառման կարիք չկա։

Աղավնոն դատարկվեց աղմուկով, իսկ Բերձորը՝ առանց աղմկոտ պատմությունների։ Քաղաքի կենտրոնի վաճառակետից Աիդա Բալիկյանը այսօր հաշվել է քաղաքում մնացածներին։ Ինքն ու Լարիսան են՝ մյուս խանութի աշխատակիցը. - «Էսօր մտել ա մի հոգի, մի հատ «Սնիկերս» ա վերցրել, դուրս էկել»։

Լաչինի միջանցքով երթևեկողներից մեկն է այս գնումն արել։ Խանութւոմ շատ բան չկա էլ, արդեն հավաքել է, Կոռնիձոր՝ վարձով տուն պիտի տեղափոխվի։

Հայաստանի պաղպաղակ արտադրողներից մեկի մատակարարն էր մեքենայով նրա հանձնվող խանութին մոտեցել։ «Պաղպաղակ է առաջարկում», - դառը ծիծաղում է տիկին Աիդան. - «Ուզում ա , որ մենք պաղպաղակ վերցնենք... վերցնենք ի՞նչ անենք...»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG