Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված ընտանիքը բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատը ձեռքին որևէ բանկի հետ չի կարողանում գործարք կնքել


Վանաձորցի Մարգարիտա Մնացականյանն ասում է՝ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Իշխանաձոր գյուղում թողեցին 23 տարվա աշխատանքը, ապրուստն ու ապագայի հույսերը։ Վերջերս ադրբեջանցիների տարածած տեսանյութերում գտել է իրենց երկհարկանի տունը, որ պատերազմից ընդամենը մեկ տարի առաջ էին նորոգել, լուսամուտները փոխել՝ հայաստանյան բանկերից վերցրած վարկի հաշվին։ Տունը մնաց Ադրբեջանին, վարկն՝ իրենց։

«Ես ոչ մի բան չունեմ այստեղ, ոչ մի բան, ո՞նց պիտի վճարեմ այդ վարկը», - հարցնում է Մարգարիտա Մնացականյանը:

2021-ին Արցախի կառավարությունը որոշել էր՝ կվճարի տեղահանված արցախցիների վարկերը, որոնք պատերազմի պատճառով մնացել են օդից կախված։ Բայց Մարգարիտայի ընտանիքը մասնակի է օգտվել այս ծրագրից։ Արցախի ներդրումային հիմնադրամից տեղեկացել են, որ իրենք միայն այս տարի կներառվեն ծրագրում։ Մինչ այդ բանկը տույժեր է հաշվարկել ու իրենց վարկառուների սև ցուցակում ներառել։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունից բնակարանի ձեռքբերման 10 միլիոն դրամանոց սերտիֆիկատը ձեռքներին ընտանիքը որևէ բանկի հետ չի կարողանում գործարք կնքել։

«Որ բանկին մոտենում ենք, ասում է՝ «վարկ ունեք, վարկային պատմությունը լավը չի լինում», կամ 500 հազար, մեկ տոկոսը մենք պետք է տանք կամ 0,5 տոկոսը պիտի նախնական տանք, որտեղի՞ց տանք մենք», - նշեց նա:

Մարգարիտան ու իր ամուսինը 23 տարի Իշխանաձորի միջնակարգ դպրոցում են աշխատել, որդին՝ գյուղապետի տեղակալ է եղել։ Մինչև այս տարվա հունվարի 1-ը աշխատավարձի կիսով չափ վարձատրվել են, պետական աջակցություն ստացել։ Բայց երկու տարի իրենց հարկադիր պարապուրդի համար վճարած հիմնարկներն արդեն լուծարվել են ու աշխատավարձ այլևս չեն վճարի։ Արցախից տեղահանված ընտանիքում չգիտեն՝ ինչպես կավարտվեն բանակցությունները բանկերի ու Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, բայց Մարգարիտան ասում է՝ սերտիֆիկատը բնակարան դարձնելու հեռանկար դեռ չի տեսնում։

Մեկ այլ նախկին իշխանաձորցի՝ Գոհար Սեխպոսյանն ասում է. - «Եթե բանկին պարտք ունես, գործարք չեն անում, եթե վարկային վատ պատմություն ունես, բանկը գործարք չի անում, բայց ինչո՞ւ է ինձ հետ կնքում պայմանագիր, չէ՞ որ պետությունն է վճարելու դրա գումարը: Անկախ նրանից ես պարտաճանաչ եմ թե չեմ, ես այնտեղ տուն եմ կորցրել, դուք իմ կորցրած տան դիմաց եք տալիս, իմ սիրուն աչքերի համար չեն տալիս: Այսինքն՝ ստեղծում են պայմաններ, որ ոչ ոք չկարողանա օգտվի, իմաստը ո՞րն է դրա»:

Օրերս «Ազատության» եթերում սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ասել էր՝ լսել են ծրագրի շահառուների բողոքները, քննարկել ու փորձել են բարեփոխումներ անել. - «Բաժանվել են ավելի քան 3000 սերտիֆիկատներ, ունենք արդեն կնքված գնման պայմանագրեր, հուսով եմ, որ վերջին լավարկումներից հետո թվերը կսկսեն արդեն մեծանալ»:

Մինչդեռ Ադրբեջանին անցած Իշխանաձորի մոտ 1000 բնակիչներով իրար հարցուփորձ են արել ու պարզել, դեռևս միայն մեկ ընտանիք է կարողացել բնակարան գնել կառավարության տված սերտիֆիկատով։ Գներն օր-օրի բարձրանում են, վանաձորում էլ մեծ թվով շենքեր վթարային են. Բանկերը հրաժարվում են վարկ տալ դրանց գնման համար՝ չնայած որ պետությունն է հանձն առել վճարել դրա դիմաց։

«Էստեղ բոլոր տների մեծ մասը վթարային է, որ տունը մոտենում ես ասում են՝ վթարային է, բանկը գործարք չի անում: Էս էլ է մեզ վախեցնում, այսինքն բանկն իր համար է այդ տունը գնում, եթե գնի մեզ համար, իր համար միևնույն կլինի դա վթարային է, թե՝ ոչ: Իր համար կապիտալ է գնում բանկը, որովհետև 10 տարի մենք իրավունք չենք ունենալու այդ տան վրա, այսինքն՝ 10 տարվա մեջ կարող է ինչ-որ փոփոխություններ լինեն, էլի մեզ ասեն՝ դուրս եկեք էդ տներից», - ասաց Գոհար Սեխպոսյանը:

44-օրյա պատերազմից հետո Վանաձորում ապաստանած 600 արցախցի ընտանիքների միայն 15 տոկոսն է մնացել այստեղ։ Մյուսները տեղափոխվել են Հայաստանի կամ Արցախի այլ բնակավայրեր։ Սրանք Վանաձորի համայնքապետարանից ստացած տվյալներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG