Սոցապ նախարարությունը քննարկումներ է սկսել տեղահանված արցախցիների համար նախատեսված հիփոթեքով բնակարանների ծրագրում փոփոխություններ անելու համար, բնկարանների գնման այդ սերտիֆիկատները քաշաթաղցիներն արդեն «սև թուղթ» են անվանել։
«Բանկերի հետ հիմա քննարկում ենք, Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ էլ ենք հիմա քննարկում, որպեսզի բանկերն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեն և այդ պարքունակությունը չդիտարկեն», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ, հենց շահառուների հետ են քննարկել խնդիրները։ Սերտիֆիկատ ստացած արցախցիներն ահազանգում էին, որ բանկերն իրենց գումար չեն տալիս, քանի որ չմարված հին պարտավորություններ ունեն։
Այս ծրագրով պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն՝ մարզերում տուն ձեռք բերելու և մինչև 12 միլիոն՝ Արցախն ընտրելու դեպքում։
Նախար Մկրտչյանը որպես ծրագրի բարելավում է նշում այն, որ կարող են 10 միլիոնով տնից բացի նաև հողակտոր գնել։
«Մարզային համայնքներում, եթե կա հող և այդ հողը կարող են ձեռք բերել, այսինքն, ուղղորդեն մի հատվածը հողակտորի ձեռքբերմանը, մի հատվածը բնակարանի կառուցմանը, օրինակ, ընդունելի պայման է», - ասաց նախարարը։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանն էլ է մասնակցել նախարարության քննարկմանը, ի տարբերություն նախարարի, չի նկատում, որ խնդիրները լուծվում են։
«Մեծ հաշվով՝ ոչ մի խնդիրը չի լուծվել։ Գիտեք, ինձ թվում է, ավելի շատ համաձայնության չեն կարող գալ բանկերի հետ», - ասաց Կարինե Մովսեսյանը։
Բնակարանի գնման սերտիֆիկատը մեկ տարով է տրամադրվել, ամիսներն անցնում են, մեզնից ոչ ոք տուն չի կարողացել գտնել, ահազանգում է կազմակերպության ղեկավարը։ Մոտ10 միլիոնով տուն չկա, եթե կա էլ, գնահատող կազմակերպությունները շուկայական արժեքին համարժեք չեն գնահատում դրանք, իրենք կանխավճար չունեն, ծրագիրը չի գործում, եզրափակում է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության ղեկավարը։ Մեկ այլ քաշաթաղցի՝ Վրեժ Հարությունյանը նախարարի ելույթը լսել էր, այն համարում է ծաղր։
«Ի?նչ է նշանակում 10 մլն դրամով տուն գնել, հլը մի բան էլ մնա, որ հող գնեն, սա ծաղր է, թե ինչ է», - ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ ի սկզբանե բնակարանային այս ծրագրի հետ ոչ մի հույս չի կապել, սերտիֆիկատ էլ չի վերցրել։
Սոցապ նախարարը խոստանում է՝ քննարկումները շարունակելու են, մինչև որ «լավարկեն ծրագիրը»։