Մատչելիության հղումներ

«Զաբուղ, ո՞ւր ես». Աղավնոյում 7 տարի ապրած պարոն Խաչատուրը երևանամերձ գյուղում դառնացած է արթնանում


Խաչատուր Խաչատուրյան
Խաչատուր Խաչատուրյան

Աղավնոյի ի՞նչը սիրեց կյանքի մեծ մասն աղմկոտ Բեյրութում անցկացրած Խաչատուր Խաչատուրյանը. - «Օդը սիրեցի, ժողովուրդը, որ եկան, ինձի մոտեցան՝ բարի եկաք և այլն... անիկա ինձի աշխարհը կբավե արդեն։ Աշխարհը է ադիկա արդեն... Հավանեցի, սիրեցի, մնացինք ու մնացինք»։

Իսկ Հայաստան ու Արցախ առաջին անգամ 7 տարի առաջ եկավ ՝ առանց ապագայի ծրագրերի, ընդամենը հայրիկի պատգամը կատարելու համար. - «Ողորմած պապաս ըսավ, որ գացեք հայրենիք, մեկ հատ տեսեք»։

Աղավնոյում անցկացրած 7 տարիները հիմա պարոն Խաչատուրին հանգիստ չեն տալիս, որովհետև երևանամերձ մի գյուղում է արթնանում. - «Ամեն առավոտ կարթնանամ, բարլուս չեմ ըսեր, անկողինես կելնեմ, Զաբո'ւղ, Զաբո'ւղ... ո՞ւր ես, Զաբուղ կըսեմ... Աս տեղը մարդ չիկա»։

Զաբուղը ամիսներ առաջ ադրբեջանական դարձած Աղավնոն է, պարոն Խաչատուրը որդու ընտանիքի հետ այնտեղից հեռացավ օգոստոսի կեսին։ Եկան, տեղ հասան ու է'լ ավելի դառնացան. - «Որևէ մեկը չեկավ չըսավ՝ բարև Խաչատուր, բարի եկել ես, անցած ըլլա և այլն... մեկը չեկավ»։

Հիմա Խաչատուրյաննների հույսն այն է, որ պետության տրամադրած բնակարանի գնման սերտիֆիկատով տուն գտնեն այնտեղ, որտեղ հավաքվել են Աղավնոյից տեղահանվածները. - «Աղավնո կապրեի, ամենուն էլ հետ բարեկամներ ունեի։ Ատոր համար կուզեմ, որ ան կողմերեն առնեմ, Էջմնիածինի կողմերեն։ Որովհետև Աղավնոն եղածին պես հոն է, ընկերներս ամեն հոն է»։

Սերտիֆիկատը մի քանի օր առաջ են ստացել, հարսը՝ Աննան է զբաղվում տան փնտրտուքով։ Պետությունը մինչև 10 միլիոն է տալիս՝ մայր գումարը մարզում տուն գնելու համար. - «Մի հոգու հետ խոսել եմ, 10 միլիոնի սահմաններում ա գումարը։ Ուղղակի մեր հարցը 500 հազար կանխավճարն ա, որ էս պահին չունենք էդ գումարը»։

Եվ սա, Աննան ասում է, բոլոր տեղահանվածների համար է խնդիր։ Եթե հաջողացնում են տասը միլիոնով տուն գտնել էլ, ապա կանխավճարը չունեն։ Հիմա սպասում են, թե գուցե պետությունը այս ծրագրում փոփոխություններ անի, այնպես որ մարդիկ կարողանան ի վերջո օգտվել այս հնարավորությունից։ Ամսական 40 հազար դրամ աջակցությունն էլ ստանում են արտառոց ուշացումներով. դեկտեմբերը կիսվում է, իսկ իրենք դեռ սեպտեմբերի գումարն են ստացել։

«Այստեղի հողն էլ հող չէ», - դարձյալ Աղավնոն է հիշում պարոն Խաչատուրը։ Ինչեր էր աճեցնում, թեպետ ողջ կյանքում հող չէր մշակել. - «Աղվոր ելակ ունեի, խենթանալիք։ Ամառ-ձմեռ, միայն մեկ ամիս կհանդարտեր, անկե հետո ետ կսկսեր»։

Հիմա այգեգործական ոչ մի պլան չունի, որովհետև այստեղ ավազ է։

Ընտանիքում հետևում են թե ինչպես են ադրբեջանցիները վայելում Աղավնոն՝ գյուղի նորակառուցները, գետը... Հիմա այդ ամենին մոտենալ չեն կարող... Բայց կա Չառլին՝ Աղավնոյում մեծացած իրենց շունը, որ հասկանում է միայն ֆրանսերեն...

XS
SM
MD
LG