Մատչելիության հղումներ

«Ստախոս են, ժողովրդին խաբում են». տեղահանվածների չարչարանքները շարունակվում են


Թամար Դումբալյան
Թամար Դումբալյան

Թամար Դումբալյանը զայրացած է, հուզված, վիրավորված։ Վերաբնակեցման ծրագրով Արցախում հաստատված ու հետո այնտեղից տեղահանված ընտանիքներին, ասում է, հետ են ուղարկում Արցախ, իրենց Հայաստանում բնակարանի գնման սերտիֆիկատ չի հասնում։

Նա մերժումն ստացել է Արցախի տարածքային կառավարման նախարարից. - «Ասեցի՝ իմանում եք, ընկեր Խանումյան, որ ես հաշմանդամ ամուսին ունիմ, չեմ կարա, էստեղ բուժում ա ստանում։ Ասում ա՝ ինձ չի հետաքրքրեր դուք ինչ եք անում, ինչ չեք անում, կամ ամուսինդ ինչ պահմանների մեջ ա։ Էս ա, չե՞ս ուզում, հրաժարվի քո սերտիֆիկատից։ Տենց Խանումյանը պատասխանեց»։

Թամարը 2016-ին Լիբանանից ընտանիքով տեղափոխվել է Աղավնո՝ իր կարծիքով մշտական բնակության։ Այս տարվա օգոստոսին գյուղն Ադրբեջանի հսկողության տակ անցավ։ Հիմա էջմիածնում ամսական 150 հազար դրամով տուն են վարձակալել՝ ամուսնու ու 12-ամյա դստեր հետ։ Թամարն ասում է, որ բնակարանի գնման սերտիֆիկատը կարող էր օգնել իրենց սեփական տանիք ունենալ, բայց ամուսինը անկողնուն գամված է, մշտապես բուժօգնության կարիք է զգում, ինչպե՞ս հետ գնա Արցախ։

Թամարը Հայաստանի սոցապ, Արցախի տարածքային կառավարման նախարարություններ նամակներ է գրել, խնդրել է իրեն աջակցության ծրագրով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալ Հայաստանի մարզերում... ոչ մի պատասխան. - «Էդքան ապրեցինք, շենացրեցինք, ամեն ինչ արեցինք, հիմա եկել եմ, մեզի սենց շատ տե՞ղ են դնում։ Թող գան իրենք ապրեն մեր տեղը։ Երկու տարի մենք ապրեցինք թյուրքի բերան, գային ապրեին իրենց ընտանյոք, ըլլա Խանումյանը, ըլլա Արայիկը... թող գային։ Իրենց զավակները, իրենց ընտանիքները դուրսերը պտտում են, բայց մենք պիտ պահենք, չէ՞, հողը, բոլորս միասին»։

Ոչ միայն Աղավնոյում, Քաշաթաղի շրջանում, Արցախի այլ համայնքներում Լիբանանից, Սիրիայից եկած բազմաթիվ ընտանքիներ էին ապրում։ 201 հոգի՝ Ադրբեջանից տեղահանվածների հետ միասին։

Հայաստանի մարզերից մեկում ապաստանած Խաչատուր Խաչատուրյանն էլ Արցախից տեղահանված սիրիահայ է։ Գերատեսչական տեքստերից ոչ մի բան նրա համար պարզ չէ, իր ուզածն է ասում՝ Հայաստանի որևէ մարզում տան հնարավորություն լիներ. - «Ամեն մը կըսեն կոր Արցախեն պիտի տրվի... Ուրտեղեն պիտի տրվի, ինչ է իրականությունը, չեմ գիտեր կոր»։

Արցախի տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ Արամ Թադևոսյանը Հայաստանի կառավարության որոշումն է մեջբերում, որով այս մարդկանց սերտիֆիկատ չի հասնում Հայաստանում. - «Եթե շահառու ընտանիքը տեղափոխվել է Արցած ոչ թե Հայաստանի Հանրապետությանից, այլ այլ երկրից, ապա այն կարող է աջակցություն ստանալ Արցախի Հանրապետության տարածքում։ Ամեն դեպքում, Արցածի տարածքային կառավարման նախարարությունն ընդամենը առաջնորդվում է էդ որոշմամբ և տրամադրում է շահառուներից ցուցակ»։

Այս որոշումը սակայն փոփոխվել է շուրջ մեկ ամիս առաջ, և այդ մասին արցախի այս գերատեսչությունում տեղյակ չեն։ Հուսահատված շահառուներն էլ բնականաբար ոչինչ չգիտեն։ Հայաստանի սոցապ նախարարությունից տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս առաջ հենց այս մարդկանց համար փոփոխություն է կատարվել։ Հայաստանի մարզային բնակավայրերում տուն գնելու համար սերտիֆիկատ կարող են ստանալ այն ընտանիքները, որոնք մինչև Արցախում հաստատվելը այդտեղ հաշվառված չեն եղել, այսինքն Արցախ են եկել այլ երկրներից։

Ինչո՞ւ է որոշման փոփոխությունը, որ բազմաթիվ ընտանիքների վերաբերում, մնացել գերատեսչական դարակներում և փաստորեն Արցախի ու Հայաստանի երկու գերատեսչությունները նույն բնակարանային աջակցության ծրագիրն իրականացրել են տարբեր փաստաթղթերով։ Այս հարցին պատասխանող չկա։

Թամարը նույնիսկ հիմա, երբ տուն-տեղ կորցրած նոր տանիք է փնտրում կոտրված սրտով, չի փոշմանում, որ 6 տարի առաջ Բեյրութից Արցախ գնաց։ Կյանքիս լավագույն օրերն էին, ասում է. - «Չեմ ստում, ճիշտն եմ ասում։ Մանավանդ աղջիկս... Շատ ծանր ա տանում։ Միայն ինքը համոզվում ա, որ պիտի գնա։ Չգիտեմ, շատ ծանր ա ամեն ինչ կորցնցնել ետ սկսել սկզբանից... Չգիտեմ... Լավ լինելու ա»։

Ամեն օր արթնանում է նույն սպասումով՝ վերադառնար Աղավնոն. - «Առաջին գացողն եմ լինելու, և՝ առանց վեշ տանելու»։

XS
SM
MD
LG