Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մի շարք ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում. ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով


Ռմբակոծված բնակարան Բախմուտում, 15 -ը մարտի 2023 թվական
Ռմբակոծված բնակարան Բախմուտում, 15 -ը մարտի 2023 թվական

Ռուսաստանը մի շարք ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, այդ թվում՝ կանխամտածված սպանություններ և խոշտանգումներ, ասվում է ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի զեկույցում:

Զեկույցի համաձայն, որոշ դեպքերում երեխաներին ստիպում էին ականատես լինել իրենց հարազատների բռնաբարությանը։ Զեկույցում նշված է նաև ուկրաինացի երեխաների բռնի տեղահանումը Ռուսաստան։ Որոշ հանցագործություններ կարող են դիտվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, կարծում է հանձնաժողովը։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովն ընդգծել է, որ դեռևս ապացույցներ չի գտել, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը վստահեցնում է, թե Ռուսաստանը պատասխան է տալու կատարած բոլոր հանցագործությունների համար. - «Կգա այդ օրը, երբ կստեղծվի դատարան, որը կպատժի այս ագրեսորին այնպես, ինչպես պատժվել էին անցյալի ագրեսորները: Կգա մի օր, երբ բոլոր ռազմական հանցագործություններ կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն Միջազգային քրեական դատարանի և ազգային դատարանների դահլիճներում»:

Ի դեպ, թեև ՄԱԿ-ի հանձնաժողովի պատրաստած զեկույցը հանցագործությունների մեջ մեղադրում է ռուսական կողմին, փաստաթղթում արձանագրվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կողմից ակնհայտ օրինախախտումների դեպքեր։ Առնվազն երկու դեպք որակվել է որպես ռազմական հանցագործություն: Խոսքը ուկրաինացի զինվորների կողմից գերիներին մահապատժի ենթարկելու դեպքերի մասին է։

Դատապարտելով ռուսական լայնածավախ ագրեսիան՝ Արևմուտքը սահմանել է աննախադեպ կոշտ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ, պարբերաբար հայտարարում է՝ պետք է թույլ չտալ, որ Պուտինը հաղթի այս պատերազմում։

Սի Ծինպինը կայցելի Մոսկվա

Եվ այս ֆոնին մարտի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաք կայցելի Չինաստանի առաջնորդը։ Պեկինը հրապարակավ չեզոք դիրքորոշում է որդեգրել ուկրաինական պատերազմի հարցում, սակայն Politico-ն այսօր գրել է, թե 2022 թվականին մի շարք չինական ընկերություններ զենք են ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ գրոհային հրացաններ, անօդաչու թռչող սարքերի մասեր և զրահաբաճկոններ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Պեկինը Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը չի հաստատում։ Միևնույն ժամանակ, Պեկինը նաև չի դատապարտել Ռուսաստանին հարևան երկրի դեմ լայնածավալ ագրեսիա սկսելու համար։

Չինաստանի առաջնորդի Մոսկվա կատարելիս այցից առաջ այդ երկրի արտգործնախարարության խոսնակը ընդգծել է․ - «Չինաստանը կպահպանի իր օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և կառուցողական դեր կխաղա բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման գործում»:

Արևմուտքում կա որոշակին անհանգստություն Մոսկվա - Պեկին հնարավոր ռազմական համագործակցության վերաբերյալ և Սի Ծինպինի այցը Մոսկվա Արևմուտքի ուշադրության կենտրոնում է։

Ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում

Մինչ այդ իրավիճակը մարտի դաշտում, հատկապես Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում մնում է չափազանց լարված։ Մարտերը քաղաքի տարածքում են , ռուսական ուժերը կարողացել են վերահսկողության տակ վերցնել Բախմուտկա գետի արևելյան ափը և որոշ դիրքեր արևմտյան ափին։ Ուկրաինացիները սակայն քաղաքը թողնելու մտադրություն չունեն, և չնայած որ հայտնվել են կիսաշրջափակման մեջ, կատաղի դիմադրում են։

Բրիտանական հետախուզության տվյալներով, վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պաշտպանել քաղաքի արևմտյան հատվածը։ «BBC Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբուն ասել է, թե ուկրաինացի զինվորականները պետք է Բախմուտում կռվեն այնքան ժամանակ, որքան կարող են ֆիզիկապես. - «էմոցիոնալ առումով շատ դժվար է այն կորուստների պատճառով, որ կրում է Ուկրաինան։ Սակայն եթե Բախմուտը հանձնվի, այլ քաղաքներ էլ կկորցնենք»։

Ընդհանուր առմամբ, բրիտանացի հետախույզների տվյալներով, ռազմաճակատի երկայնքով ռուսական հարձակման մակարդակն այժմ ամենացածրն է այս տարվա հունվարի սկզբից ի վեր։

Մյուս կողմից, ամերիկյան The New York Times թերթը հայտնում, որ ուկրաինական բանակում արկերի բացակայությունը կարող է խանգարել այս գարնանը նոր հարձակում սկսելու Կիևի ծրագրերին։

Արևմտյան ռազմական օգնությունը Ուկրաինային շարունակվում է։ Կիևը ամեն օր նոր սպառազինություն է ստանում։ Այդուամենայնիվ, The New York Times-ը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին, գրում է, որ Կիևի դաշնակիցները չեն կարողանում հասնել ռազմաճակատում զինամթերքի սպառման տեմպերին:

Մինչդեռ Միացյալ Նահանգների ազգայաին անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ ասել է, թե Վաշինգտոնը մոտ օրերս կհայտարարի Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներառվելու այս փաթեթում, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային իր չափերով աննախադեպ է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG