Մատչելիության հղումներ

Օլեգ Սահակյան. «Ուկրաինան դեռ չի կարողանում հաղթել, իսկ Ռուսաստանը դեռ չի կարող պարտվել, բայց նաև չի կարող հաղթել»


Հիմա իրավիճակն իրականում այնպիսի կետում է, որ Ուկրաինան դեռ չի կարողանում հաղթել, իսկ Ռուսաստանը դեռ չի կարող պարտվել, բայց ակնհայտորեն նաև չի կարող հաղթել, քանի որ ռազմավարական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է: Այս մասին ասաց ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ներկայացնելով վերջին իրադարձությունները Ուկրաինայի պատերազմում:

«Բայց տակտիկական մակարդակում, իսկապես, Ռուսաստանը մի շարք կետերում իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Որոշ կետերում մենք տեսնում ենք իսկապես լուրջ լարվածություն՝ Խարկովի ուղղությամբ, Դոնեցկի շրջանի հարավում, ընդհանրապես՝ հարավային ուղղությամբ», - նշեց քաղաքագետը:

Մյուս ուղղություններում, ըստ Սահակյանի, կան առճակատման շատ թեժ կետեր, «օրինակ՝ Բախմուտը, որի մասին արդեն ամբողջ աշխարհն է իմացել, և այս անունը բոլորին է հայտնի, թեև այն բավականին փոքր քաղաք է՝ մի շրջկենտրոն, որտեղ մինչև ռազմական գործողությունների սկսվելը բնակչությունը կազմում էր մի քանի տասնյակ հազար մարդ»։ «Այժմ քաղաքն իրականում խաղում է մի տեսակ ամրոցի դեր, որը ջարդում է ռուսական հարձակումը, քանի որ Բախմուտի մոտ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների հարաբերակցությունը, ըստ տարբեր աղբյուրների, մոտավորապես 1:7 կամ 1:5 է: Բրիտանական հետախուզությունը վերջերս հրապարակեց 1:5 հարաբերակցությունը», - ասաց Սահակյանը:

«Սրանք հսկայական թվեր են։ Այսինքն՝ մեկ զոհված ուկրաինացու դիմաց հինգ ռուս գրոհայիններ են զոհվում։ Եվ սա մեզ բացահայտում է ճշմարտությունը, թե ինչու են այնտեղ կանգնած ուկրաինական զորքերը։ Չէ՞ որ Ռուսաստանն իր առանցքային մարտավարություն է օգտագործում՝ մարդկային ալիքների մարտավարություն», - ընդգծեց քաղաքագետը:

«Ռուսաստանում կադրային բանակն ավարտվել է։ Այժմ Ռուսաստանը կռվում է պահեստազորայինների բանակով», - պնդում է Օլեգ Սահակյանը:

XS
SM
MD
LG