Ուկրաինայում իշխանությունները քրեական գործ են հարուցել՝ ռազմական հանցագործությունների հոդվածով, համացանցում տարածված տեսանյութից հետո, որում երևում է, թե ինչպես է ենթադրաբար անզեն ռազմագերին սպանվում «Փառք Ուկրաինային» կարգախոսը բացականչելուց հետո։
Թե որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը, հստակ չէ։ Պաշտոնական Կիևը դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ հորդորելով հետաքննություն իրականացնել։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, թե բարբարոսական սպանությանը Ուկրաինան կարող է մեկ պատասխան տալ՝ մնալ միասնական ու հաղթական։
Ու մինչ Կիևը մեղադրում է Մոսկվային հերթական ռազմական հանցագործության մեջ, Մոսկվան կրկին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ պատերազմը Ուկրաինայում ավարտվի։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չինաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե ուկրաինական ճգնաժամը վերահսկվում է «անտեսանելի ձեռքով». - «Այստեղ թերևս կարող ենք չհամաձայնել չինացի ընկերների հետ։ Սա տեսանելի ձեռք է, սա Միացյալ Նահանգների ձեռքն է։ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմի ավարտը, հակառակը՝ ամեն ինչ անում է այն շարունակելու համար»։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անտեսանելի ուժերը փորձում են ձգձգել Ուկրաինայում հակամարտությունը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար։
Անցած ամիս Պեկինը ներկայացրել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման տասներկու կետանոց ծրագիր, որը, սակայն, կողմերի հավանությանը չի արժանացել։
Մինչ այդ կողմերը շարունակում են կատաղի պայքարը Բախմուտի համար, որը ռուսները փորձում են գրավել արդեն ութ ամիս։ Բամուտում կռվող ուկրաինացի զինվորականները «Ազատության» «Նաստոյաշչեյե վրեմյա» ծրագրին պատմել են, որ պատրաստ են կանգնել մինչև վերջ, թեև ռուսներն ավելի շատ են և շարունակկում ինտենսիվ հարձակումները քաղաքի ուղղությամբ. - «Դժվար է, բայց կա խնդիր, կան դիրքեր, և մենք դրանք պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ռեսուրսներ, ուժեր, մարդիկ»:
Երեկ Ուկրաինայի նախագահը Կիևում կայացած խորհրդակցության ընթացքում հրահանգել է շարունակել Բախմուտի պաշտպանությունը. - «Այլ դիրքորոշում չի եղել։ Ես գլխավոր հրամանատարին ասացի, որ համապատասխան ուժեր գտնեն Բախմուտի տղաներին օգնելու համար»։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները չէին բացառել նահանջը քաղաքից ռազմավարական նատառումներով։ Սակայն երեկ որոշում է կայացվել շարունակել պայքարը ավերված քաղաքի համար, որտեղ երկու կողմերն էլ հսկայական կորուստներ են ունենում։
CNN-ը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձր հրամանատարության անանուն աղբյուրին, հայտնում է, թե Ռուսաստանը Բախմուտի համար ճակատամարտում հինգ անգամ ավելի շատ է կորցրել, քան Ուկրաինան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը մինչդեռ այսօր հայատարել է, թե Արտյոմովսկի (սա Բախմուտի ռուսաkան անվանումն է) «ազատագրումը» շարունակվելու է. - «Արտեմովսկի ազատագրումը շարունակվում է։ Այս քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար։ Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջերս ասել էր, որ եթե նույնիսկ ռուսներին հաջողվի շուտ վերցնել Բախմուտը, դա ռազմավարական հաղթանակ չի լինի և բեկում չի մտցնի պատրազմի ընթացքում։
Ուկրաինացիները միևնույն ժամանակ պատրաստվում են հակահարձակման։ Մինչ այդ կիևը ամրապնդում է սեփական զինանոզն ու բանակը։ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը այսօր հայտարարել է, թե առաջիկա շաբաթվա ընթացքում Ուկրաինան ևս 10 Leopard տանկ կստանա։