Մատչելիության հղումներ

Մոբիլիզացվածները բողոքում են՝ Դոնբասում իրենց որպես «թնդանոթի միս» են օգտագործում


Մոբիլիզացված ռուսաստանցիներ, արխիվ
Մոբիլիզացված ռուսաստանցիներ, արխիվ

Մոսկվայի մարզից մոբիլիզացվածների կանայք և մայրերը տեսաուղերձով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Նրանք պնդում են, որ իրենց ամուսիններին և որդիներին ռուսական բանակի շարքերից տեղափոխել են այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ուժերի հրամանատարության տակ։ Այնտեղ, ըստ նրանց, ռազմական մասնագիտությամբ հրետանավոր մոբիլիզացվածներից կազմել են գրոհային ջոկատներ:

«Դիմում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուին: {....} Մարտի սկզբին նրանց բանավոր հայտարարվեց, որ նրանք այժմ գրոհային հետևակ են: Դասընթացը տևել է չորս օր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ամուսինս և մյուս մոբիլիզացված հրետանավորները գտնվում են հակառակորդի հետ շփման գծում», - ասում են կանայք:

Հարազատները պնդում են, որ իրենց ամուսիններին ու որդիներին առանց համապատասխան պատրաստվածության որպես «թնդանոթի միս» ուղարկում են առաջնագիծ։ Կանայք ընդգծում են, որ իրենց հարազատները պատրաստ են կռվել Ուկրաինայում, բայց ոչ որպես գրոհային հետևակ, և խնդրում են դուրս բերել իրենց ամուսիններին և որդիներին առաջնագծից ու տրամադրել հրետանային զենք ու զինամթերք։

Կրեմլը այս տեսագրությանը դեռ չի արձագանքել։

Վերջին շաբաթներին համացանցում տեսաուղերձներ են հրապարակել Իրկուտսկի, Բելգորոդի և Կալինինգրադի շրջաններից, ինչպես նաև Տուվայից մոբիլիզացված զինծառայողները։ Նրանք բոլորը բողոքում են, որ իրենց տեղափոխել են Դոնբաս՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հրամանատարության տակ, որոնք մոբիլիզացվածներից ձևավորել են հարձակողական ջոկատներ։

Նրանց խոսքով՝ հրամանատարությունը ներկա չէ առաջնագծում, իրենց ստիպում են մարտի գնալ առանց տեխնիկայի, առանց հրետանու և հետախուզության աջակցության, իսկ հրաժարվելու դեպքում՝ սպառնում են բռնություն կիրառել։ Ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրում. Մոբիլիզացվածները պնդում են, որ իրենց պարզապես ուղարկում են «մորթելու»։

Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ վերջին երեք ամիսների ընթացքում զոհվածների մեծ մասը մոբիլիզացվածներն են, կամավորները և բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից լրագրողներին հաջողվել է հաստատել ավելի քան 15 հազար ռուսների մահը, նրանցից հազարից ավելին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոբիլիզացվածներ են:

XS
SM
MD
LG