Ազատի զինվորական կացարանի հրդեհից փրկված զինծառայողներից մեկի մոտ փորձաքննությամբ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել, տեղեկացանք Քննչական կոմիտեից։
Մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել վաշտին առնչվող 7 զինծառայողների և 15 զոհերի մասով. - «Միայն մեկի մոտ հայտնաբերվել են որոշակի հետքեր։ Մնացածների մոտ առկա չի եղել»։
«Ազատությունն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ այս նույն զորամասում հրդեհից առաջ որոշ զինծառայողների մոտ թմրամիջոցի հայտնաբերման առնչությամբ գործ է հարուցվել։ Ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից միայն 8-ի թմրաբանական ու դատաբժշկական փորձաքննության պատասխանները կան։ Թմրանյութ չի հայտանբերվել, իսկ մահվան պատճառը, ըստ եզրակացության՝ շմոլ գազի թունավորումն ու այրվածքային շոկն է։
«Շեշտված է, որ ջերմային այրվածքները զիծառայողները ստացել են կենդանության օրոք», - նշեց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Փաստաբանն այս եզրակացությունը ոչ արժանահավատ է համարում։ Հարցերը շատ են, գլխավոր հակասությունը, ըստ նրա, այն է, որ ողջ մնացածները չեն թունավորվել. - «Եթե դուք պնդում եք անում, որ այդտեղ շմոլ գազ է եղել, հետևաբար հարց է՝ ինչպե՞ս է հնարավոր նույն տարածքում, նույն միջավայրում մեկ անձի թունավորումը, մյուսի բացառումը»։
Պաշտոնական վարկածով, երկու զինծառայողի է հաջողվել դուրս գալ պատուհանի ճաղավանդակի արանքից։ Ազատի հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նույնպես տարակուսած է։
Նրա կարծիքով, եթե զինվորները շմոլ գազից են մահացել, ուրեմն Եղիշե Հակոբյանն առաջինը պիտի մահանար. - «Փաստ է, որ Եղիշե Հակոբյանը եղել ա դեպքի վայրում, ստացել ա այրվածքներ։ Առնվազն սա վկայում է այն մասին, որ Եղիշե Հակոբյանն առաջինը ինքը պիտի մահանար, հետո նոր մյուսները»։
«Ինչ-որ մի բան այն չէ, հակասությունները խորանում են», - պնդում է կապիտանի փաստաբանը. - «Մոտ տասնհինգ րոպե առնվազն ինքը եղել է ներսում, պայքարել է, որպեսզի կրակը հանգցնի»։
Արդյո՞ք կրակը 15 րոպե անց է ննջարան հասել։ Քննչական կոմիտեից ասում են, որ կրակի տարածման, կացարանից զինծառայողների դուրս գալու հնարավորության հանգամանքները այս պահին քննության առարկա են։
Զոհված զինծառայողների ծնողներին էլ, վառարանը բենզինով թեժացրած կապիտանին էլ նույն հարցն էր հետաքրքրում՝ ինչո՞ւ չեն զինծառայողները փրկվելու փորձ արել։
«Էդ ինչ ձև էղավ, որ ակնթարթորեն տասնհինգը թունավորվեցին, անգիտակից վիճակում էղան, իսկ էն մյուս էրկուսը կարացին դուրս գային», - հարց է հնչեցնում զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Նա որդու մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությանը մասամբ է վստահում. - «Մենք մտածում էինք՝ էրեխեքը կամ էղել են սպանված, կամ ոչ գիտակից վիճակում։ Սպանվածը արդեն դուրս ա գալիս, ոչ գիտակից վիճակում են էղել»։
Եզրակացության մեջ նշված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետևանքով։
Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ եթե հրդեհի ժամանակ զինվորները ողջ են եղել ու չեն փրկվել, ուրեմն անգիտակից են եղել։ Նա չի հավատում, որ շմոլ գազի հետևանքով կարող էին այդքան արագ գիտակցության կորուստ ունենալ։ Ընդհանրապես ոչ մեկին չի հավատում. - «Ես կասկածի տակ եմ դնում բոլորին էդ գործի մեջ. իրա ծառայակից սաղ մնացած ընկերներիս սկսած՝ մինչև վարչապետ»։
Ծնողներն իրենց փաստաբանի հետ չեն բացառում, որ դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում նաև արտաշիրմում կանեն։
Ազատի կացարանի նախասրահում փայտե վառարան էր, դրա կրակի վրա սպան բենզին էլ լցրել, դրանից էլ բռնկվել էր հրդեհը։
Շմոլ գազը ձևավորվում է փայտի, բենզինի, գազի, ածուխի, յուղի այրման ժամանակ։ Հայաստանում ամեն տարի ջեռուցման սեզոնին շմոլ գազով թունավորման հարյուրավոր դեպքեր են գրանցվում, հիմնական մասը՝ առանց մահվան ելքի։
Մուրացան համալսարանական կլինիկայի բարոթերապիայի ծառայության ղեկավար Արմինե Տերտերյանի խոսքով, շմոլ գազը ախտանշաններ առաջացնում է՝ եթե մարդն արթուն է. - «Թուլություն, հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ։ Այնուհետև, եթե շարունակում է մնալ այդ տարածքում, ի հայտ են գալիս կրծքավանդակի սեղմման զգացողությունը։ Այնուհետև, եթե շարունակում է մնալ, մկանային թուլությունը, մարդը չի կարողանում ղեկավարի իր շարժումները։ Շարունակաբար եթե մնում է, ի հայտ են գալիս ցնցումները և արդեն մահը»։
Ըստ մասնագետի, անհոտ ու անգույն այս գազը քնած մարդու չի արթնացնի. - «Շարունակաբար շնչելով այդ օդը, կարող է զարթնում է այն փուլում, երբ որ արդեն ինքը չի կարողանում ղեկավարի իր ռեֆլեքսները և շարժումները։ Եվ այս դեպքում արդեն շատ ընտանիքներ թունավորվում են և մահացու ելքով ավարտներ են գրանցվում»։
Ազատի զինվորական կացարանում վառարանը նախասրահում էր, ննջարանը՝ մի քանի մետր այն կողմ։ Ըստ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի, կրակի բռնկումից անմիջապես հետո ինքն ու մեկ այլ զինծառայող ձայն են տվել տղաներին, ոչ ոք դուրս չի եկել։
Այս գործով 5 մեղադրյալ կա՝ կապիտանն ու զորամասի 4 զինվորականներ, որ պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովվման համար։