Մատչելիության հղումներ

Իրավասու մարմինները, պաշտոնատար անձինք տարբերվող ու հակասող տվյալներ են հրապարակում. փաստաբան Նորիկյան


Ազատի զինվորական կացարանում զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ մյուս 14 զինծառայողների ծնողների հետ 20 օր է հետևում են իրավապահների տեղեկություններին, նրանց հանրային ելույթներին, բայց ոչինչ այդպես էլ պարզ չի դառնում։

«Ոչ մի բան մեկը մյուսին չի բռնում... Ոնց մտածում, փակուղի ենք դուրս գալիս։ Չգիտենք ոնց կարար ըլներ, որ տղաները չկարանային էդտեղից դուրս գային», - ասում է Գաբրիել Կիրակոսյանը։

Դեպքի հաջորդ օրը փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանը Հանրայինի եթերում ասել էր՝ զինվորները մահացել են իրենց մահճակալների վրա քնած։ Տաղավարում նրա կողքին նստած էր զինվորական դատախազության դատախազ Արշակ Մարտիրոսյանը, ով շաբաթներ անց հերքում է Սարոյանին, թե ննջարանի տարբեր հատվածներում են դիերը գտնվել։

«Մակերեսային հակասություն չի։ Ինքը շատ ավելի խորը հակասություն է, քան կարելի է պատկերացնել, որը որ խանգարում է դեպքի իրական հանգամանքների բացահայտմանը», - ասում է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Մի՞թե քննիչներին դեպքի վայրը հենց առաջին իսկ պահից հասանելի չի եղել, մի՞թե ի սկզբանե պարզ չի եղել, թե որտեղ են տղաների մարմինները, տարակուսում է Ազատի հրդեհի քրեական գործով մեղադրյալ կապիտանի փաստաբան Սարգսյանը։ Նա արտառոց է համարում այն, որ քննիչները դեպքի բուն հանգամանքները պարզելու փոխարեն, զբաղվել են փրկարար ծառայության ներկայացուցչից ցուցմունք վերցնելով։ Այս դեպքում փաստաբանը գլխավոր է համարում հարցը, թե ինչու տղաները դուրս չեն եկել ննջարանից. - «Կարելի է ողջամտորեն ենթադրել, որ եղել են շարժի մեջ անձինք մինչև մահվան պահը։ Դուռն էլ բաց է եղել։ Հետևաբար պետք է որ կարողանային այդ անձինք դուրս գային»։

Նրա պաշտպանյալը ՝ Եղիշե Հակոբյանը, որ ըստ պաշտոնական գլխավոր վարկածի, վառարանի կրակի վրա բենզին լցնողն է, դեռ ցուցմունք չի տվել, առողջական վիճակը առայժ թույլ չի տալիս։ Փաստաբանն ասում է՝ դեռ չկան նաև փորձաքննությունների պատասխանները. դատաբժշկական, թմրաբանական փորձաքննություններ էին նշանակվել դեպքից անմիջապես հետո։

Ծնողներից շատերն են պնդում, որ իրենց երեխաների մարմինները դիահերձարաններում գտել են հենց քնած դիրքով։

Զոհված զինծառայող Վոլոդյա Ներսիսյանի հայրն ասում է. - «Բոլորին էլ քնած դիրքում եմ տեսել»։

Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան

Զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչը փաստաբան Նորայր Նորիկյանն է։ Այսօր նա հայտարարել է, որ իրավասու մարմինները, պաշտոնատար անձինք տարբերվող ու հակասող տվյալներ են հրապարակում, ինչի արդյունքնում է'լ ավելի է մեծացել տուժողների անվստահությունը քրեական վարույթի անաչառության նկատմամբ։

«Փորձում ենք հավատալ, որ ինչ որ բան կբացահայտվի», - ասում է Գաբրիել Կիրակոսյանը՝ 19-ամյա Հայկի հայրը։ - «Ու արժանի մեղավորը գոնե մասամբ կկրի իր պատիժը։ Ինչի եմ ասում գոնե մասամբ, ինչքան էլ խիստ պատժեն, դա մեր համար շատ-շատ քիչ ա լինելու։ Ըտենց մեկը չկա, որ կարանա նենց պատիժ վերցնի իրա վրա, որ տասնհինգ երիտասարդի կյանքի համար համարժեք լինի»։

XS
SM
MD
LG