Այս տարվա երրորդ ամիսն է և Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից։
Մարտի 8-ին ժամկետային Անդրանիկ Օհանյանի մարմինը զինավանի հավաքակայանի հարակից անտառում գտան՝ ծառից կախված։ 20-ամյա Անդրանիկը երեք ամսից պիտի տուն գար:
«Պատկերացրեք նման բան, որ ասենք ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարար լիներ։ Ինքը նորմալ ծառայել է, ծառայության մեջ արժանացել է ահագին գովասանագրերի», - ասաց Խնածախ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։
Զինծառայողը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասում է՝ Բերդում էր ծառայում, ընտանիքին դժգոհություններ երբեք չի հայտնել, տանն էլ, ասում է, խնդիրներ չեն եղել:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ սպայական կազմն ու ծառայակիցները: Նախաքննությունն ընթացքի մեջ է։
«2023 թվականից սկսված, այսօրվա դրությամբ, ունենք արդեն 20 մահվան դեպք, որը, համեմատական կարգով, եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 5-ով ավելի է», - «Ազատությանն» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։
Սա այս տարվա ինքնասպանություն որակված երկրորդ դեպքն է, ասում է Մովսեսյանը։ Հունվարից մինչև այժմ երկու զինծառայող էլ մեքենա վարելու կանոների խախտման հետևանքնով է զոհվել, մեկ կամավորական մարտական հերթապահության ժամանակ և 15 զինծառայող զոհվեց Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ։
Մահվան դեպքերը բանակում չեն նվազում, շեշտում է իրավապաշտպանը։ «Հակառակն՝ ավելի դեպի բացասական դինամիկա է գրանցվում, որովհետև իրար հետևից ինքնասպանություն որակվող դեպքեր․ այսօրվա դեպի հանգամանքները, երբ որ ժամկետային զինծառայողին գտնում են անտառում՝ ծառից կախված վիճակում, էսպիսի դեպքեր ունեցել ենք նաև նախկինում», - ասաց իրավապաշտպանը։
Ինքնասպանություն ու սպանություն որակվող դեպքերն ավելի մտահոգիչ են, քանի որ դրանք վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին, ընդգծում է Նազելի Մովսեսյանը։
Պաշտպանական ոլորտի բարեփոխումների բաղադրիչներից են՝ զինվորների միջև կանոնադրային հարաբերությունների կարգավորումը, նրանց պայմանների բարելավումը։
Իրավապաշտպանի եզրահանգմամբ, եթե ինքնասպանության դեպքերը չեն նվազում կամ զինվորական կացարանում հրդեհից 15 հոգի է զոհվում, ուրեմն այդ բարեփոխումները որևէ արդյունք չեն տալիս։