Մատչելիության հղումներ

«Կրակը 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան»․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել սպայի ցուցմունքից


Կապիտան Եղիշե Հակոբյանը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել վառարանի կրակի վրա բենզին լցնելիս։ Սա փորձաքննությամբ է հաստատվել, տեղեկացնում է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը. - «Ալկոհոլ և թմրանյութեր չեն եղել»։

Երկու օր առաջ առաջին անգամ ցուցմունք է տվել կապիտանը, ըստ պաշտոնական վարկածի՝15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով գլխավոր գործող անձը։ Կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան, քննիչներին պատմել է Եղիշե Հակոբյանը։ Նրա համար էլ նույն հարցն է հանելուկային է՝ ինչո՞ւ տղաները դուրս չեն եկել ննջարանից, դուռը, ըստ սպայի, փակ չի եղել։

«Ասում է՝ մի կողմից ցավերից էի գոռում, մյուս կողմից գոռում էի՝ վե՛ր կացեք, հելե՛ք, պաժառ ա, դո՛ւրս եկեք», - ասաց Հովսեփ Սարգսյանը։

Ի՞նչ է նախորդել բուն հրդեհին։ Կապիտանը պատմել է, որ ողբերգության օրը վաշտի տղաները հոգնած են եղել, ծանր աշխատանք են կատարել, երեկոյան 10-ն անց 30-ին պիտի պառկած լինեին, բայց ասել է, որ ելումուտ կար։

«Ուր են գնացել, ինչ են արել, ինչով են զբաղվել, ասում է՝ ես տեղեկություն չունեմ», - փոխանցեց փաստաբանը։

Սպան ինքն էլ 3 անգամ ներս ու դուրս է արել, վերջին անգամ երբ կացարան է մտել, ըստ իր ցուցմունքի, կարծել է, որ վառարանի կրակը հանգել է։

«Փայտը բերել են, թաց է եղել, չի կպել, կճչան չի եղել վառելու։ Մտածել է, որ սալյարկայով կկարողանան, չի եղել սալյարկա», - փոխանցեց փաստաբանը՝ շարունակելով, որ կապիտանը դրսից բենզինի 5 լիտրանոց տարան է բերել։ Իր ասելով, այն կիսատ է եղել, սուրճի բաժակի չափով լցրել վառարանի փայտի վրա. - «Կռացել ա, առաջ ա եկել, ասում ա՝ միանգամից բոցը տվեց երեսիս, ես վառվեցի։ Ասում ա՝ կպավ նաև կանիստրը»։

Իսկ բենզինի տարան, սպայի պատմելով, վառարանի առջև գետնին է դրել։ Հետո այն բռնկվել է ու այդ ժամանակ ինքը տարան ոչ թե զինվորների ննջարանի ուղղությամբ է նետել, ինչպես դեպքից ժամեր անց հայտնում էին իրավապահները, այլ դեպի դուրս։ Օրվա հերթապահ զինծառայող Լյովա Խառատյանի հետ փորձել են մարել հրդեհը, զինվորական բաճկոններով են փորձել հանգցնել, չի ստացվել։ Զինծառայողը ննջարան է մտել, գոռացել արթնացեք հրդեհ է։ Ըստ սպայի՝ անօգուտ, ննջարանից միայն երկու զինծառայող է կարողացել դուրս գալ, այն էլ՝ վանդակաճաղերի արանքից։

Սպան, փաստաբանի փոխանցմամբ, պատմել է, որ մեկ հոգու էլ են փորձել դուրս քաշել պատուհանից. - ««Երրորդին, ասում ա, մայկայից էի բռնել, ասում ա՝ չկարողացա քաշել, պոկվեց մայկան, հետ գնաց, էլ ինքն առաջ չեկավ»։ Երկու փրկված տղաները, ըստ Հակոբյանի, ննջարանի խորքից են պատուհանին հասել։

Ինժեներասակրավորային վաշտի բարքերը սպան բնորոշել է ոչ կանոնադրային, կարգուկանոնը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չի եղել։ Ինքն էլ, ասել է, վաշտի հետ առանձնապես կապ չի ունեցել, այդ օրն այդտեղ է եղել ինժեներական ծառայության պետի խնդրանքով՝ ինչ-որ մեկի փոխարեն, որը տուն լողանալու էր գնացել։

«Էնտեղ կարգ ու կանոն չի եղել։ Այսինքն՝ սիրողական մակարդակով... ընկերական տարբերակով», - նշեց փաստաբանը։

Երեկ զորամասի ինժեներական ծառայության պետը դարձավ Ազատի հրդեհի գործով 5-րդ մեղադրյալը։ Նրանցից 4-ը պաշտոնեական անփութություն հոդվածով, իսկ կապիտան Հակոբյանը՝ վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու համար։

Կապիտանը առաջիկայում շարունակելու է ցուցմունքը։ Այս օրերին քննչական կոմիտե են հրավիրվում նաև զոհված զինծառայողների ծնողները, 4 հոգի արդեն ցուցմունք է տվել։ Նրանք՝ իրենց ներկայացուցիչ փաստաբան Նորիկյանի հետ հայտարարում են՝ պաշտոնական վարկածին չեն հավատում, քննությանը չեն վստահում, դարձյալ նույն հարցն են առաջադրում՝ տղաներն ինչո՞ւ չեն փախել վառվող տնից։ Ենթադրում են, որ կամ արդեն մահացած են եղել կամ անգիտակից։

Ծնողներն իրենց փաստաբանի հետ օրեր առաջ դեպքի վայր Ազատ էին գնացել ու վերադարձել էլ ավելի խորացած կասկածներով։

«Մահճակալների արանքը, այսինքն՝ էդ միջանցք ասվածը ոչ մի տեղ վառված չի։ Այսինքն՝ հրդեհի տարածման գործընթացը այնքան անորոշ է այդ ուսումնասիրման արդյունքում մեզ համար, որ տպավորություն է, որ յուրաքանչյուր մահճակալի վրա առանձին-առանձին հրդեհ է բռնկվել», - ասել էր Նորիկյանը։

«Այս պնդումները որևէ աղերս չունեն փաստական տվյալների հետ», - երեկ երեկոյան այսպիսի հայտարարություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու կամ հրդեհի միջոցով ինչ-որ հետքեր պարտակելու վերաբերյալ պնդումները համարելով ապատեղեկատվություն։

«Ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը», - ասված է ՔԿ-ի հայտարարությունում։

Քննչական կոմիտեն նաև շեշտել է, թե կապիտան Հակոբյանը ևս իր ցուցմունքում հաստատել է պաշտոնական վարկածը։

Փաստաբան Նորիկյանը հակադարձում է՝ հրապարակված ցուցմունքից բոլորովին էլ չի ենթադրվում, որ կապիտանը հաստատում է պաշտոնական վարկածը։ Ինչո՞ւ չեն զինվորները փրկվելու փորձ արել. աս հարցը հանելուկ է մնում թե կացարանը հրդեհած սպայի ու թե զոհված զինծառայողների հարազատների համար։

«Վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի և փորձ անի հանրությանը «պարտադրել» հավատալու կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները», - պնդում է Նորիկյանը։

Քննչական կոմիտեն հավատացնում է՝ որոշակիություն ու փաստական հենք ունեցող տվյալները ստուգվելու են, իսկ փաստաբանը պնդում է, որ իրենց բոլոր հայտարարությունների հիմքում հենց փաստական տվյալներ են։

XS
SM
MD
LG