Մատչելիության հղումներ

Ազատի զորամասում բռնկված հրդեհից առաջ թմրամիջոցների հետ  կապված քրեական վարույթ է հարուցված եղել 


Ազատ գյուղում տեղակայված սակրավորային վաշտի 15 զինծառայողների մահվան պատճառը մինչև օրս հայտնի չէ: Հրդեհից շուրջ երկու ամիս է անցել, սակայն դիակների դատաբժշկական փորձաքննությունն այդպես էլ չի ստացվել։ Պարզ չէ, թե ինչն է ուշացման պատճառը։

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ տեղյակ չեն, ընդգծելով միայն, որ փորձաքննությամբ զբաղվում է դատաբժշկական կենտրոնը։ Կենտրոնից այս հարցերին պատրաստ են պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում։

15 զինծառայողներից 14-ի ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն արդեն գրություններ է ուղարկել և քննչական խմբի ղեկավարին, և դատաբժշկական կենտրոնի տնօրենին՝ մտահոգություն հայտնելով փորձաքննությունների ուշացման վերաբերյալ:

«Այս պահին արձանագրում եմ, որ դրանք ստացված չեն, ինչը անհանգստացնող էլեմենտ է», - ասաց նա:

Գործով մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ առայժմ ստացել են ողջ մնացած զինծառայողների դատաքիմիական փորձաքննությունները, որոնց համաձայն՝ նրանց օրգանիզմում թմրանյութ և ալկոհոլ չի հայտնաբերվել. - «Բացահայտում են, որ ալկոհոլ կամ թմրամիջոց օգտագործած չեն եղել կենդանի մնացած անձինք»:

Իր պաշտպանյալի՝ Եղիշե Հակոբյանի օրգանիզում նույնպես թմրանյութ չի հայտնաբերվել, իսկ ալկոհոլի մասով եզրակացությունը դեռ չեն ստացել։

Ուշագրավ է, որ ըստ փաստաբանի՝ հունվարի 19 -ի ողբերգական հրդեհից մի քանի օր առաջ այդ նույն զորամասում թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական վարույթ է հարուցված եղել, և այդ գործը, ըստ փաստաբանի, միացվել է հրդեհի գործին։

«Հարուցված է եղել այլ քրեական գործ մինչև հունվարի 19-ը թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի հետ կապված, և այդ գործի վարույթները միացվել են իրար, այս պահին համատեղ է նախաքննությունն իրականացվում: Թող քննությունը պահի այդ հարցը {կապ եղել է դրանց միջև, թե չէ}... միգուցե կապ ունենա, միգուցե չունենա, դրանք բոլորը պետք է ստուգվեն», - նշեց նա:

Քննչական կոմիտեից հաստատեցին, որ հունվարի 19-ի հրդեհի դեպքից առաջ թմրամիջոցների հետ կապված քրեական առանձին վարույթ է հարուցվել, բայց այն հրդեհի վարույթին չի միացվել:

Մինչդեռ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը նշում է՝ իրենց պաշտոնապես չեն տեղեկացրել, որ Ազատի զորամասում հրդեհի դեպքից օրեր առաջ թմրանյութեր են հայտնաբերվել, և քրեական գործ է հարուցված. - «Այս հանգամանքի վերաբերյալ պաշտոնապես մենք որևէ ձևով տեղեկացված չենք և չենք կարող որևէ ձևով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը»:

Մինչ կստացվեն 15 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այս ողբերգական դեպքի հետ կապված բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։

«Հարցերի հարցն է, թե ինչու դուրս չեն եկել, ինչու չեն փորձել փրկվել», - այս հարցը ըստ փաստաբան Հովսեփ Սարգսյանի՝ տալիս է նաև իր պաշտպանյալը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, ով ըստ քրեական գործի՝ փորձել էր բենզինով վառել վառարանը, ինչից էլ ծագել էր կացարանի հրդեհը։

Ըստ Փաստաբանի՝ մինչև հրդեհը կապիտանը զինծառայողներին տեսել է 10.30 -ի սահմաններում, նրանք սենյակից ելումուտ են արել, հեռախոսներով են խոսել, 2 զինծառայող դրսում է եղել։ Եղիշե Հակոբյանը կրակը փորձել է վառել 12.30 -ի սահմաններում։ Հրդեհի ժամանակ, ըստ փաստաբանի, Հակոբյանը անձամբ զինծառայողների սենյակ չի մտել, պարզպես կանչել է, որ տղաները դուրս գան։

«Եղիշե Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ այն պահից, երբ առաջին պահին բռնկվել է հրդեհը, մինչև ննջարան հասնելը տևել է մոտավորապես 15 րոպե և ավելի ժամանակ, և այդ ընթացքում զինծառայողները, որոնք գտնվել են ննջարանում, դուրս չեն եկել, թեև գոռացողներ, դուրս կանչողներ եղել են, այդ թվում և Եղիշե Հակոբյանը», - ասաց փաստաբանը:

Իսկ ինչո՞ւ կապիտանը ննջարան չի մտել, որի դուռը, ըստ նրա ցուցմունքի, կիսաբաց է եղել, ինչո՞ւ չի փորձել հասկանալ, թե ինչու տղաները չեն արձագանքում, փաստաբանն ասում է. - «Մենք հիմա չենք կարող այդ մարդուն մեղադրել, ասել՝ ինչո՞ւ չես մտել դու սենյակ, ինչո՞ւ, ինքն արդեն ցավերից գոռացել է, արդեն ձայնել է, որպեսզի նրանք վեր կենան»:

Մինչդեռ զոհված 14 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը պնդում է՝ ակնհայտ է, որ հրդեհին նախորդող ժամանակահատվածում ինչ-որ գործընթաց է տեղի ունեցել, որի մասին պետք է մեղադրյալ Եղիշե Հակոբյանը բացատրություն տա. - «Օրվա պատասխանատուն է եղել, և ինքն էլ պետք է այդ հարցերի պատասխանը նաև, թե ինչն է հանդիսացել պատճառը, որ զոհված զինծառայողներն ի վիճակի չեն եղել հրդեհի բռնկման պահին լքել այդ տարածքը: Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ կամ զինծառայողները մահացած են եղել, կամ գիտակից չեն եղել»:

Բացի կապիտան Եղիշե Հակոբյանից, այս գործով մեղադրյալ է ևս 4 մարդ: Նրանք բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG