Մատչելիության հղումներ

Հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել վաշտի հրամանատարի նկատմամբ


15 զինծառայողի կյանքի խլած հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Վաշտի հրամանատարը, ըստ դատախազության, չի կատարել իր պարտականությունները, չի ապահովել ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, ինչի հետևանքով ազգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։

«Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», - հաղորդում է գլխավոր դատախազությունը։

Ողբերգական հրդեհի գործով ևս երեք մեղադրյալ կա՝ պաշտոնական վարկածով հրդեհի պատճառ դարձած կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երկու այլ զինվորականներ։

XS
SM
MD
LG