Մատչելիության հղումներ

Ազատի զինվորական կացարանում հնդեհի գործով հարցաքննվել է կապիտան Հակոբյանը


Այսօր կեսօրից հետո Այրվածքաբանության կենտրոնի իր հիվանդասենյակում ցուցմունք է տվել Ազատի ողբերգական հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը ՝ տեղեկացանք նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։ Հակոբյանը 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով 4 մեղադրյալներից մեկն է։

«Եղիշե Հակոբյանը ևս մեկ անգամ ինձ հավաստեց իր պատրաստակամությունը ամենայն մանրամասնությամբ ցուցմունք տալու վերաբերյալ», - հավելեց փաստաբանը։

Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։

«Մեղադրանքի հետ կապված էս պահի դրությամբ չի ընդունել։ Ցուցմունք տալուց արդեն կամ դա կերևա, կամ չի երևա։ Կարծում եմ, էական չի իր մեղավոր ճանաչելու-չճանաչելու հանգամանքը։ Կարևորը դեպքի փաստական հանգամանքների բացահայտումն է», - նշեց Սարգսյանը։

Նա դարձյալ շեշտեց, որ մեղադրանքը խիստ նախնական է, կարևոր է համարում այն, որ սպան, չնայած առողջական վիճակին, պատրաստ է պատմել այն ամենը, ինչ հայտնի է իրեն։

Եղիշե Հակոբյանը, ինչպես նաև Այրվածքաբանական կենտրոնում բուժվող մյուս զինծառայող Լյովա Խառատյանը երեկ վիրահատվել են, նրանց դեմքի ու ձեռքերի մաշկի փոխպատվաստում է կատարվել ։ Կենտրոնի մասնագետներն այժմ նրանց վիճակը համարում են ոչ ռիսկային, կայուն։

«Տեսնենք ինչ կասի, տեսնենք գոնե մի խելքին մոտ բան կասի՞, որ մի քիչ իրականությանը կարա համապատասխանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նա ու մյուս ծնողները սպասում են թե ինչ կասի սպան, որը, ըստ իրավապահների, բենզին է լցրել կրակի վրա, որից էլ բռնկվել է մահաբեր հրդեհը։ Երեկ ծնողներն իրենց փաստաբանի հետ դեպքի վայր են գնացել ՝ Ազատ գյուղ։ Ասում են՝ մեզ ոչ ոք չի համոզի, որ ներկայացված վարկածը իրականության հետ կապ ունի։

«Էդի չկա, էդի թող հանեն, ուրիշ բան սկսեն մտածեն։ Թող բարի ըլնեն բացահայտեն, մեղավորին գտնեն ու իրա արժանի պատիժը տան», - ասաց Կիրակոսյանը։

«Դեպքի վայրի ուսումնասիրությունը բազմաթիվ նոր հարցեր է առաջացրել», - շեշտում է փաստաբան Նորայր Նորիկյանը, ով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչն է։ Նրանք զինվորների ննջարանում սխեմաներով վերականգնել են յուրաքանչյուրի քնելու տեղը, հատակը մաքրել են ու պարզել, որ հրդեհվել է ոչ թե ամբողջ տարածքը, այլ այն հատվածը, որտեղ տղաներն էին։

«Մահճակալների արանքը, այսինքն՝ էդ միջանցք ասվածը ոչ մի տեղ վառված չի։ Այսինքն՝ հրդեհի տարածման գործընթացը այնքան անորոշ է այդ ուսումնասիրման արդյունքում ինձ համար, որ տպավորություն է, որ յուրաքանչյուր մահճակալի վրա առանձին-առանձին հրդեհ է բռնկվել», - նշեց Նորիկյանը։

Այն սենյակում, որտեղ մահացել են զինվորները, հատակի ներկն անգամ տեղում է, տեսել են ծնողները։ Ըստ փաստաբանի, նաև՝ հաշվել են, որ վառարանից մինչև ննջարանի դուռը երեք մետր հեռավորություն կա։ Կապիտանը որ այրվածքներ է ստացել, ողջ ընթացքում չի՞ բղավել, չի՞ արթնացրել տղաներին. - «Հնարավոր էր այդ դուռը բացել, եթե դա փակ է եղել, ձայն տալ, գոռալ... Կրակը դեռևս, իմ պատկերացմամբ, այն աստիճանի հզոր չի եղել, որ կապիտանը կարողացել է դուրս գալ։ Նա կարող էր էդ նույն հրդեհի պայմաններում երեխաներին քնից արթնացնել և նրանք կարողանային դուրս գալ»։

Ննջարանի ճաղավանդակների արանքով երկու հոգի են դուրս եկել, մյուսներն ինչո՞ւ են մնացել, շարունակում է հարցեր շարել փաստաբանը։ Նրա ու ծնողների ենթադրությունը մեկն է՝ զինվորները կամ անգիտակից են եղել, կամ արդեն մահացած։ Ինչո՞ւ, ինչպե՞ս... Պահանջում են իրավապահներից մի կողմ դնել պաշտոնական վարկածն ու քննություն իրականացնել առանց կաղապարների։

Նորայր Նորիկյանը մի դիտարկում էլ ունի. դեպքի վայրում հեռախոսներ ու այլ իրեր են գտել, այդ ինչպե՞ս են քննչական գործողություններ կատարվել. - «Տեղի է ունեցել հերթական փնթի աշխատանքը... էդ տարածքի զննության։ Որովհետև էնտեղ ցանկացած փոքր իր կարող էր էական նշանակություն ունենալ»։

Այս օրերին Քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվում նաև զոհված զինծառայողների ծնողները, երկու հոգի արդեն հարցաքննվել են։ Գաբրիել Կիրակոսյանը պնդում է՝ հետևողական են լինելու որ պարզվի, թե ինչու վառվեցին իրենց երեխաները. - «Տասնամյակներ էլ անցնեն, չենք ասելու լավ, է, չբացահայտվեց, ոչինչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG