Մատչելիության հղումներ

«Դիվերսիոն ներթափանցման փորձից հետո տարածքային կորուստ այդ հատվածում չի եղել». ՆԳՆ խոսնակ


Արցախի ոստիկանության երեք ծառայողի կյանք խլած ադրբեջանական դիվերսիան տեղի է ունեցել «Խայփալու» կոչվող տեղանքում, հաղորդում է Արցախի ոստիկանությունը: Ստեփանակերտից Լիսագոր տանող գրունտային ճանապարհահատվածը շրջափակման այս 85 օրերի ընթացքում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործվում էր նաև Արցախից -Հայաստան կամ հակառակ ուղղությամբ խաղաղ բնակչության տեղաշարժի համար:

«Ազատության» տեղեկությամբ՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկիչ կետը հենց բլոկադայի փուլում է ձևավորվել։ Գրունտային այս ճանապարհից շուրջ մեկ կիլոմետրի վրա ադրբեջանական հենակետ է։ Ստեփանակերտից հայտնում են՝ նրանց 15 հոգանոց դիվերսիոն խումբը երեկ առավոտյան հատել է շփման գիծը, թաքնվել անտառում, ապա անցել հարձակման:

«Ոստիկանության ծառայողներն անտառային այդ ճանապարհով հերթական հերթափոխն էին իրականացնում, և ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներ է թափանցել անտառային հատվածով և կրակ բացել ոստիկանության ծառայողների ուղղությամբ», - ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Ստեփանակերտն այս հարձակումը ներկայացրել է տեսանյութով, որտեղ շատ պարզ երևում է շարժվող, ապա անշարժացած «ՈՒԱԶ»-ը, ճանապարհին մոտեցող ադրբեջանցիները, նրանցից երեքը մոտենում են «ՈՒԱԶ»-ին ու շարունակում կրակել։

«Միանգամից տեղում մահացել է ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաբայանը, և ինքնապաշտպանական նպատակներով մերոնք՝ ոստիկանները ևս փորձել են պաշտպանվել այդտեղ», - հավելեց խոսնակը:

Կադրերում երևում է՝ ադրբեջանցիները հետքաշվելիս վայր են ընկնում՝ վիրավորում են ստանում, Արցախի ներքին գործերի նախարարության ձևակերպմամբ, «հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում»։

Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ երկու զոհ ունեն, և որ «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում Հայաստանից Արցախ, իրենք փորձել են ստուգել մեքենաները», արդյունքում փոխհրաձգություն է սկսվել։

«Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, նրանք էլ լավ գիտեն, որ այդ ճանապարհով անցնում էին պարզապես ոստիկանության ծառայողները իրենց ծառայությունն իրականացնելու նպատակով», - ասաց Հունան Թադևոսյանը։

Բացի ոստիկանների ծառայողական զենքից, որևէ այլ զենք-զինամթերք չի եղել մարդատար մեքենայում, իսկ տեսանյութում պարզ երևում է, որ «ՈՒԱԶ»-ը Ստեփանակերտից է ճանապարհվել դեպի ոստիկանական կետ. Ստեփանակերտից ադրբեջանական կողմի պնդումները հերքում են՝ որպես ապացույց կադրերով ներկայացնելով միջադեպի ամբողջ ողբերգական ընթացքը։ Երբ են ռուս խաղաղապահները դեպքի վայր հասել, պարզ չէ: Կադրերում տեսանելի է նրանց զրահատեխնիկայի շարասյունը, ապա ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանցիները տարհանում են զոհերին ու վիրավորներին:

«Դիվերսիոն ներթափանցման այդ փորձից հետո տարածքը մնացել է մեր վերահսկողության տակ, տարածքային կորուստ այդ հատվածում չի եղել, և հերթափոխը կիրականացվի նաև», - ասաց ՆԳՆ մամլո խոսնակը:

Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ այժմ էլ ոստիկանական անձնակազմ կա այդ հատվածում, շարունակում են իրենց աշխատանքը։

Երեկոյան Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում հարձակման հետևանքով զոհված երեք ոստիկանների հոգեհանգստի արարողությունն էր․ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, որ հենց առաջին կրակոցից էր զոհվել, մայոր Դավիթ Դանիելյանը՝ երեք երեխաների հայր ու 26-ամյա լեյտենանտ Արարատ Գասպարյանը, որի առաջնեկն ամիսներ առաջ է ծնվել։

Ոստիկանական «ՈՒԱԶ»-ում հերթափոխի մեկնողների մեջ էր նաև Դավիթ Հովսեփյանը, նա կրծքավանդակի հրազենային վիրավորումով, թոքի վնասումով տեղափոխվել էր Ստեփանակերտի հՀնրապետական հիվանդանոց։

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, և բարձրացվել է վիրահատարան։ Կյանքին վնաս չի սպառնում, հիվանդը կշարունակի բուժումը վերակենդանացման բաժանմունքում», - «Ազատությանն» ասաց Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

30-ամյա լեյտենանտի վիճակը բժիշկները վիրահատությունից հետո գնահատում են կայուն ծանր։

Արյունոտ կիրակիին հաջորդեց տեղեկատվական փոխհրաձգությունը․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է՝ գիշերը Արցախի պաշտպանության բանակը Շուշիի ուղղությամբ տեղակայված «իրենց դիրքերի վրա է կրակել», Հայաստանի զինված ուժերն, ըստ պաշտոնական Բաքվի, հրադադարի ռեժիմն են խախտել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Հերթական ապատեղեկատվությունն է, արձագանքում են Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչություններից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG