Մատչելիության հղումներ

Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին


Արցախի ներքին գործերի նախարարության հրապարակած լուսանկարը դեպքի վայրից
Արցախի ներքին գործերի նախարարության հրապարակած լուսանկարը դեպքի վայրից

Ադրբեջանական զինուժի այսօրվա դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրան վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

«Սպանվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալիբեյլի Շաքրիյար Ռամիզը և Հուսեյնով Էշգին Ջամիլը»,- տեղեկացրել է ՊՆ-ն։

Ըստ Արցախի ոստիկանության՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

«Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։

Արցախից հերքում են ադրբեջանական կողմի պնդումները: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել։

Արցախի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե Բաքուն ժխտում է խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարարությունն էլ ընդգծել է, թե «ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն»:

Ստեփանակերտը հաղորդել էր, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին մի քանի անգամ է խախտել հրադադարը, ինչը հաստատել էր նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտարարում են Արցախից։

XS
SM
MD
LG