Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են երեկ և այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումն՝ այն հերթական ապատեղեկատվություն որակելով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են Դաշքեսանի, Քելբաջարի և Գեդաբեկի շրջանի մի շարք գյուղերի ուղղություններով, իսկ Արցախի Պաշտպանության բանակը՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել», - ասված է պաշտոնական Բաքվի հաղոդագրությունում:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքելով Բաքվի պնդումներն՝ այսօր հիշեցրել է կիրակի առավոտյան տեղի ունեցած արյունալի իրադարձությունները․ երեկ Ստեփանակերտը հաղորդեց, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Հայկական կողմը հաղորդեց երեք զոհի, մեկ վիրավորի մասին: Ավելի ուշ Բաքուն հայտարարեց, թե սեփական բանակի երկու զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդեց, թե իբր «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել, Արցախից հերքեցին։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել։

«Տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»

Անդրադառնալով երեկվա դեպքին՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:

Նա տեղեկացրել է, որ վերադարձել է Բաքու և «անհամբեր» սպասում է Ադրբեջանի իշխանությունների հետ «առարկայական բանակցությունների»։

«Միջազգային հանրությունը պետք է զսպի ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ նոր հարձակումները»

Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները, Թվիթերում գրել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ընդգծելով, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ, Ադրբեջանն այսօր էլ կեղծ լուրեր է տարածում Հայաստանի դիրքերից կրակոցների մասին՝ Մարուքյանը նկատում է՝ Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս։

Լուիս Բոնոն ժամանել է Բաքու

Կովկասյան բանակցային գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այսօր ժամանել է Բաքու, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։ Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG