Մատչելիության հղումներ

Փորձագետների ակնկալիքները Մյունխենի եռակողմ հանդիպումից այնքան էլ մեծ չեն


Փորձագետ, Ժողովրդավարության ու անվտանգության կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի Մյունխենում շաբաթ օրը կայացած ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումից, ինչպես նաև «ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղություն ապահովելու պատմական հնարավորության մասին» Էնթոնի Բլինքենի հայտարարությունից:

«Ինչպես գիտենք, ամերիկյան կողմը վերջին մեկ տարվա ընթացքում խոսում է այդ պատմական հնարավորության մասին, սակայն որևէ լուրջ առաջընթաց կարծես թե խաղաղության պայմանագրի օրակարգում չկա, և դրա հիմնական պատճառն այն է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի շուրջ», - ասաց Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

«Գիտեք, որ սեպտեմբերին, ինչպես նաև հոկտեմբերի սկզբին կարծես թե պայմանավորվածություն էր ձեռք բերվել չներառել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետեր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, այսինքն՝ տարանջատել այդ երկու օրակարգերը: Սակայն նույն ժամանակահատվածում նույն ամերիկացիների ու եվրոպացիների նախաձեռնությամբ դաշտ բերվեց այսպես կոչված ուղիղ բանակցային մեխանիզմի թեման, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մեծ հաշվով, Երևանի դիրքորոշումը, ինչպես ես հասկանում եմ, այս փուլում այն է, որ քանի դեռ չկա հստակություն այդ մեխանիզմի ձևաչափի վերաբերյալ, քանի դեռ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ կարող է լինել միջազգային կոմպոնենտով նմանատիպ մեխանիզմ, խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բովանդակային համաձայնության գալը դժվար է լինելու», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Ադրբեջանը, իր հերթին, նշում է, որ այդ հարցը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը իր ներքին գործն է, նրանք նշում են, որ չեն պատրաստվում այս հարցը քննարկել որևէ միջազգային դերակատարների հետ, և առավել ևս՝ Հայաստանի հետ»:

Դա է պատճառը՝ ինչու Գրիգորյանը մոտ ապագայում որևէ լուրջ առաջընթաց խաղաղության պայմանագրի օրակարգում չի ակնկալում:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը, մինչդեռ, կարծում է, որ «միանշանակ՝ հանդիպումը պետք է դրական գնահատել, գոնե միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակվելուց մինչ օրս սա բարձրագույն մակարդակով առաջին հանդիպումն էր»:

Մարգարյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում, եռակողմ ձևաչափով՝ ամերիկյան գործընկերների միջնորդությամբ և մասնակցությամբ, «քանի որ բոլորս գիտենք, որ ամերիկյան կողմը, արևմտյան թևը շատ ավելի հակված է, որպեսզի Հայաստան և Ադրբեջան ուղիղ շփումները իրականություն դառնան, և որպեսզի Հայաստան և Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին առավելապես Հայաստանը և Ադրբեջանը միասին բանակցեն՝ առանց երրորդ կողմերի, ուժերի ազդեցության՝ տվյալ պարագայում մենք նկատի ունենք Ռուսաստանին»:

Համաձայնություն հայտնելով Տիգրան Գրիգորյանի հետ, որ հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, Արմինե Մարգարյանը շարունակեց. - «Այնուամենայնիվ, եթե հետևենք այն հայտարարության տեքստին, որը հայկական կողմը տարածել է, ապա կարող ենք ասել, որ, ըստ էության, կողմերը խոսել են, անդրադարձել են խաղաղության պայմանագրի այդ նախագծի շուրջ ընթացող գործընթացին: Սա բավական, կարծում եմ, պետք է ամուր դիրքերի վրա դրված լինի այդ եռակողմ հանդիպման ժամանակ»:

Փորձագետը շատ կարևորեց նաև, որ հայտարարության տեքստը հղում է անում Պրահայի գործընթացին կոմունիկացիաների բացման և դելիմիտացիայի գործընթացների առումով. - «Այսինքն՝ կարող ենք այստեղից ենթադրել, որ հայկական կողմը բարձրացրել է նորից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան և ադրբեջանական զորքերի դուրսբերումը»:

«Եվ, իհարկե, խոսել է նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին», - նշեց Մարգարյանը՝ հավելելով. - «Մոտավորապես այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ շահեկան՝ համեմատ մեզ, իրավիճակում է եղել այդ հանդիպման շրջանակներում»:

«Որպես գործընթաց, որպես հերթական քայլ՝ բանակցային գործընթացի ընթացքում շփումներին միտված, կարծում եմ՝ պետք է ընդհանուր առմամբ գնահատենք դրական», - ամփոփեց Արմինե Մարգարյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG