Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ուրբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է, և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու երկրին աջակցության ծրագրերը:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին: