Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Մյունխեն, 17-ը փետրվարի, 2023թ.
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Մյունխեն, 17-ը փետրվարի, 2023թ.

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետն ընդգծել է միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:
Ակնկալվում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում աշխատանքը կսկսի առաջիկա երկուշաբթի օրվանից:

XS
SM
MD
LG