Մատչելիության հղումներ

Արդեն 12 օր է՝ ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը դե ֆակտո ամբողջությամբ փակված է․ Գրիգորյանն՝ Օվերչուկին


Արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ, կանգնած են հումանիտար աղետի եզրին, երեկ Մոսկվայում, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ժամանակ, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նիստը կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ։

Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր, նշել է Գրիգորյանը՝ շեշտելով՝ բացի գլոբալ խնդիրներից, դիմակայել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

Ռեկորդային ցուցանիշներ՝ փոխադարձ առևտրում

Անդրադառնալով տնտեսական համագործակցության ոլորտին, Գրիգորյանն ասել է՝ ռեկորդային ցուցանիշներ են գրանցել փոխադարձ առևտրում:

Ըստ Հայաստանի կառավարության՝ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է՝ 2022-ի 10 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85 տոկոսով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53 տոկոսով գերազանցում է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացում

Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը, տեղեկացրել է Հայաստանի փոխվարչապետը՝ նկատելով՝ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։

«Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության», - ասել է Գրիգորյանը։

Անդրադառանալով երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին՝ Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022-ին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։

«2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն», - ասել է Մհեր Գրիգորյանը։

Օդային փոխադրումներ - Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է, հայտնել է Հայաստանի փոխվարչապետը։

Վերին Լարս - Խոսելով Վերին Լարսի անցակետից՝ Գրիգորյանը նախ տեղեկացրել է, որ այնտեղ կուտակված է շուրջ 200 բեռնատար, ապա նշել՝ խորհրդանշական կլիներ հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է», - ազրափակել է Մհեր Գրիգորյանը։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը հաճախ խնդիրներ է ստեղծում վարորդների համար, անցակետում օրերով խցանումներ են։ Նախկինում թե խնդրի հիմնական պատճառները եղանակային պայմաններն էին ու նեղ ճանապարը, դրան գումարվեց նաև ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի օրերին երկրից արտագաղթը, երբ շատ ռուսաստանցիներ փորձում էին Վրաստանով դուրս գալ երկրից։ Ղրիմի կամրջի պայթյունից հետո իրավիճակն ավելի բարդացավ, երբ ռուսական կողմը խստացրեց անցակետում հսկողությունը։

Կառավարությունից ասել էին, որ Փաշինյանն անգամ նամակով է դիմել Ռուսաստանի վարչապետին, փորձում են լուծումներ գտնել։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը դեռ ապրիլին ասել էր, որ կառավարությունը որպես Լարսին այլընտրանք լաստանավով բեռնափոխադրումների մի ծրագիր է հաստատել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG