Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարությունից լաստանավային ծառայության գործարկման նոր ժամկետ են նշում


4 ամիս է անցել էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից, թե մի քանի օրից կսկսի գործել վրացական Փոթի նավահանգստով բեռներ փոխադրող լաստանավային ծառայությունը, որն այլընտրանք կդառնար մշտապես խցանված ցամաքային Վերին Լարսի անցակետին։ Այդ մի քանի օրերն ամիսներ տևեցին։

Մինչև այդ, հայկական բեռնատարների վարորդները մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս են սպասում Վերին Լարսի անցակետին մոտենալու համար, կիլոմետրերով ձգվող հերթերը չեն նոսրանում, բեռը փչանում է։

«Ձուկը բարձած, գրացին դատարկեցին, «Սպայկի» պամիդորները տարան թափեցին։ Ես քսան օր եմ ստեղ, Սուրենը հեսա մի ամիսը կլրանա», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց վարորդներից մեկը։

Նրա գործընկերը հավելեց. - «Էս մի ամիս ա, էս էրկու հարյուր կիլոմետրը չենք կարում անցնենք։ Էս մի տարի ա, էս պրոբլեմը ունենք, նենց չի, որ առաջի անգամ ա, բայց էս աստիճան չի էղել»։

Հայաստանից Վրաստանով Ռուսաստան բեռ տեղափոխող վարորդներից շատերը դեռ 2015-ից են հիշում տարբեր պաշտոնյաների խոստումները՝ շուտով լաստանավային ծառայությունը կգործի, կառավարությունը տեղյակ է, զբաղվում է խնդրով և այլն։ Այս կառավարությանն էլ են հարցնում՝ մինչև ե՞րբ պետք է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին տարբեր պատճառներով շաբաթներ լուսացնեն։ Իրենց ՀՀ տնտեսության կարևոր աշխատուժ համարող այս վարորդները դժգոհում են՝ հիմնականում հայկական մեքենաներն են կիլոմետրերով ձգվող խցանումների մեջ մնում։

Վերին Լարսի անցակետը գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասում է՝ ռուսական կողմին մի քանի առաջարկ են արել։ Օրինակ, որ ՀՀ սահմանային անցակետում ռենտգեն զննություն անցած մեքենայի տվյալները փոխանցվեն ռուսական կողմին, ու հայկական բեռնատարները ՌԴ սահմանը հատելիս կրկնակի զննության չենթարկվեն։ Ըստ խոսնակի, ռուսական կողմից ասել են, որ ևս 12 անցուղի կավելացնեն, դրանց թիվը հասցնելով 36-ի։ Ռուսական մամուլն արդեն այսօր գրել է, որ դա արված է։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ռուսական կողմին առաջարկվել են լուծումների հնարավոր մի քանի տարբերակներ, որոնցից մեկը, օրինակ, Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն զննություն իրականացնող սարքավորումների թիվը, դիտարկել հայկական բեռնատարների ռենտգեն զննության իրականացումը լրացուցիչ վայրում, այսինքն՝ ոչ անցակետում, որպեսզի խցանումներ չառաջանան։ Ռուսական կողմը տեղեկացրել է, որ պատրաստվում են մոտակա շրջանում Վերին Լարսի անցակետում ավելացնել շարժական ռենտգեն սարքավորումների թիվը, ինչպես նաև մեծացնել գործող անցուղիների թիվը», - ասաց խոսնակը։

Վարորդներն ասում են՝ շարունակ ավելացող հերթերը նշանակում են, որ այդ մթերքի գներն աճելու են, դրան գումարած՝ ճանապարհներին մաշվող իրենց առողջությունը, որ ստացած աշխատավարձով էլ չեն կարող վերականգնել։

Թե' Էկոնոմիկայի ու թե' Տարածքային կառավարման նախարարություններից հիշեցնում են՝ այս խցանումներն առաջացել են Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմն ավելի խստացրեց իր երկիր մտնող բոլոր բեռնատարների ստուգման գործընթացը։ Ղրիմում պայթած բեռնատարը նաև Լարսի անցակետով էր անցել։

Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, միջոցներ են ձեռնարկում, որ մինչև տարեվերջ լաստանավային ծառայությունը գործարկվի։ Վարորդները հույս են փայփայում, որ այս մի խոստումն էլ պատմության գիրկը չի անցնի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG