Մի խումբ արցախցիներ այսօր մոտեցել են Շուշիի մոտ գտնվող ռուս խաղաղապահների անցակետին, որից ոչ հեռու արդեն 12-րդ օրն է՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքը։ Խաղաղապահների հրամանատարներից մեկին արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել ու հիշեցրել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է ապահվել միջանցքով անվտանգ երթևեկությունը:
«Դուք էլ մեզ հասկացեք, այդ եռակողմ հայտարարությամբ առանց կռվի տվել ենք Քելբաջարի, Լաչինի շրջանները, որպեսզի Ռուսաստանը մեզ համար ապահովի անվտանգ միջանցք», - ասել է «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը:
Նա ռուս հրամանատարին խնդրել, պահանջել է բացել ճանապարհը՝ ուժով, թե այլ միջոցով. «Խնդրում եմ՝ բացեք ճանապարհը, դա պետական մակարդակով կազմակերպված սադրանք է, մեզ մոտ ոչ մի բնապահպանական խնդիրներ չկան։ Մենք Ռուսաստանի հետ միասին կարող ենք միջազգային առաքելություն հրավիրել, մեզ ևս մտահոգում է մեր էկոլոգիան, թող ստուգեն հողը, ջուրը, որ կոնֆլիկտը լուծվի»:
Քաղաքացիներին ընդառաջ եկած ռուս հրամանատարն ասել է, թե նույն այդ պահին ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում. «Իմաստ չունի հիմա այնտեղ գնալ, դուք միայն կսրեք իրավիճակը»:
Արցախցիներն այսօր վերադարձան Ստեփանակերտ՝ տեղեկացնելով, որ վաղը ևս փորձելու են մոտենալ ու խոսել ադրբեջանցիների հետ և հույս ունեն, որ ռուս խաղաղապահները թույլ կտան։
12 օր շրջափակված Արցախում սպառվում են ներկրվող սննդի, դեղորայքի, մանկական կերի վերջին պաշարները։
«Սկզբնական շրջանում ճանապարհը փակվելուց երկու օր հետո գնել ենք տաքդիր, արհեստական կերեր, նաև այլ սնունդ երեխայի համար, բայց դե արդեն երբ դեղատներում չկա, պակաս կա, չի հերիքում», - պատմեց տեղացիներից մեկը:
Ընդամենը 2 օրվա կաթնախառնուրդ է մնացել տանը, հավելեց կինը, իսկ 4 ամսական Արմենի հյութերի համար միրգ ու բանջարեղեն գտնելն էլ գրեթե անհնար է դարձել. «Երբ նրա 3 ամսականն էր լրացել, մտածեցի՝ ակտիվ պատերազմական երկրում ենք ապրում, կարելի է ինչ-որ բան ներառել նրա ճաշացանկի մեջ և դա արեցի խնձորի հյութով, ադամաթուզով: Շատ էլ դուրն էր եկել, տարբեր տեսակի շիլաներ էի գնում: Համոզվեցի, որ ճիշտ եմ արել, բայց դե չէի կարող մտածել, որ խնդիր կլինի օրինակ՝ գազարի, խնձորի հետ»:
Մինչ ճանապարհի փակումն Արցախ Հայաստանից տոննաներով սնունդ ու այլ անհրաժեշտ ապրանք էր մատակարարվում։ Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում հիվանդներ դեռ Ստեփանակերտի բժշկական կենտրոններում են։ Արդյո՞ք հայկական կողմը դիմել է Կարմիր խաչին՝ նրանց Հայաստան տեղափոխելու նպատակով։ Հարցին ոչ Արցախի առողջապահության նախարարությունից, ոչ էլ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից չեն պատասխանում։ Այս ընթացքում միայն մեկ անգամ է Ստեփանակերտից Երևան հիվանդ տեղափոխվել՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ ու միջնորդությամբ:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին «շատ բարդ» որակումն է տալիս:
«Մենք ամեն ինչ կամաց-կամաց գցում ենք հունի մեջ», - նշեց Ռուբեն Վարդանյանը:
Թե ինչի մասին է խոսքը, նա չմանրամասնեց։ Մինչ այժմ պաշտոնապես հայտարարվել է, որ Լաչինի միջանցքի բացման համար հայկական կողմը ռուսների միջնորդությամբ է բանակցում ադրբեջանցիների հետ։ Բանակցություններից մինչ այս պահը ոչինչ հայտնի չէ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա տեղեկագրերում միայն փոխանցում է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացելու համար բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են, ամեն օր կրկնվող այս նախադասությունից ավելին չի հաղորդվում։