Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ, հայտնում է ԱԳՆ-ն:
ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի ու խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ առանձին զրույցներում նախարարը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի մասին:
Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:
Ռիքերի հետ զրույցում Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:
Իսկ Բրիս Ռոքֆոյին հետ զրույցում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էր երեկ, իր հերթին, հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, հորդորել Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար: Սալիվանը նշել է ԱՄՆ-ի պահպանվող մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտման և այդ իրավիճակի ահագնաց հումանիտար հետևանքների կապակցությամբ ու կոչ է արել ամբողջովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:
Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն12-րդ օրն է արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը: