Մատչելիության հղումներ

Մոտ մեկ տասնյակ ռուսաստանյան ընկերություններ արդեն տեղափոխվել են. նախարար Քերոբյան


Ռուս-ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսաստանյան բազմաթիվ ընկերություններ ու ռուսաստանցիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ռուսաստանցիներից մեկը, որը չցանկացավ տեսագրվել ու ներկայանալ, «Ազատությանը» պատմեց, թե արդեն գնել է ավիատոմսը, առաջիկա օրերին Երևանում կլինի։ Ասում է՝ այլընտրանք չուներ, չի ցանկանում իր հարկերով աջակցել սեփական երկրի իշխանություններին, որոնք պատերազմ են հրահրել Ուկրաիանայի դեմ։

«Քանի դեռ ես Ռուսաստանում աշխատավարձ եմ ստանում, քանի դեռ ես գնում եմ ապրանքեր Ռուսաստանում, իմ հարկերով, փաստացի աջակցում եմ սպանությանը», - ասաց նա։

Իսկ ինչո՞ւ հենց Հայաստան։ Երիտասարդ կնոջ խոսքով, պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում շատերը ռուսերեն գիտեն, առաքելական եկեղեցին մոտ է ռուս ուղղափառ եկեղեցուն։ Ասում է՝ գործընկերների մեծ մասն է տրամադրված Ռուսաստանը լքելու ու Երևանում հիմնվելու. - «Մեր ընկերությունը դեռ չի ասել, թե ինչ պետք է անենք, նրանք օգնություն են խոստացել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հեռանալ, սակայն չեն ասել՝ ինչպես։ Այդ պատճառով ես միայնակ եմ հեռանում»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, Ռուսաստանում տեղակայված բազամթիվ ընկերություններ ցանկանում են գործունեությունը Հայաստանում շարունակել։ Նրանցից շուրջ մեկ տասնյակն արդեն Հայաստանում է. - «Մոտ մեկ տասնյակ ընկերություններ արդեն տեղափոխվել են փաստացի, և մի քանի ընկերություններ էլ ճանապարհին են։ Ընդհանուր դիմել են բազմաթիվ ընկերություններ, տասնյակ և հարյուրավոր նույնիսկ կարելի է ասել ընկերություններ»։

Բիզնեսը Հայաստան տեղափոխող ընկերությունների մեծ մասը բարձր տեխնոլոգիական ոլորտից է

Գործող բիզնեսը Հայաստան տեղափոխող կամ տեղափոխել պատրաստվող ընկերությունների մեծ մասը, ըստ Էկոնոմիակայի նախարարի, բարձր տեխնոլոգիական ոլորտից է։ Քերոբյանի փոխանցմամբ, այստեղ եկել կամ պատրաստվում են գալ մասնավորապես հենց արևմտյան շուկաների հետ աշխատող ընկերությունները. - «Հիմնականում էդ էն ընկերություններն են, որքեր ունեն ուղիղ առնչություն արևմտյան շուկաների հետ, և էսօրվա սահմանափակումները թույլ չեն տալիս, որպեսզի իրենք իրենց երկրից էդ աշխատանքը կատարեն»։

Նախարարությունում արդեն հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը զբաղվում է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով։

Հայաստան գալ ցանկացող ռուսաստանցիներին նաև հայաստանյան տելեգրամյան խմբերում են տեղեկատվությամբ աջակցում ու իրազեկում, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։ Ռուսաստանցիներին հետաքրքրվում են՝ ո՞ր քաղաքն է ավելի հարամար բնակության համար, ինչպե՞ս կարելի է վարձել բնակարան։ Նրանցից մի մասն էլ փորձում է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում իրենց համար աշխատանք կգտնվի այս կամ այն ոլորտում։

Հայաստանը հիմա ավելի է տրամադրված ընդունել տեխնիկական մասնագետներին. ռուսաստանցի ծրագրավորող

Ռուսաստանում սեփական գործը թողնել պատրաստվող ծրագրավորող Եվգենին համոզված է՝ Երևանում աշխատանք կգտնի, լսել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրավորողների պահանջարկը մեծ է, դաշտի խաղացողների համար բազմաթիվ արտոնություններ են գործում. - «Հայաստանի ու Սերբիայի միջև էր ընտրությունը։ Ե՛վ այնտեղ, և՛ Հայաստանում լավ վերաբերում ռուսներին, ժողովիդ մասին եմ խոսում, ոչ թե պետության։ Լեզվական պատնեշներ չկան, հասկանալի են մշակույթները։ Բայց Հայաստանը, իմ զգացողությամբ, հիմա ավելի է տրամադրված ընդունել տեխնիկական մասնագետներին (ես ծրագրավորող եմ), ուրախ են նրանց համար։ Չկա զգացողություն, որ առանց աշխատանքի կմնամ կամ պահանջված չեմ լինի»։

Իշխանությունները վստահեցնում են՝ Հայաստանում հիմնվող ընկերությունների համար գրանցումը շատ հեշտ է, խոչընդոտներ չկան։ Խնդիրներն այլ փուլերում են սկսում։ Ըստ Վահան Քերոբյանի, իրենք ամեն ինչ անում են այդ հացերը լուծելու համար. - «Այստեղ մեր խնդիրն է ոչ թե էնպես անենք, որ բիզնեսը հեշտ բացվի, դա արդեն հեշտ ա, [այլ] այնպես անել, որ բիզնես անելը, բիզնես փակելը, Հայաստանում ապրելը, Հայաստանում երեխաներին կրթություն տալը և այլն հարմար լինեն, որպեսզի մարդիկ, ովքեր հայ չեն և հայաստանցի չեն, այնուամենայնիվ գտնվեն հաճելի միջավայրում, որտեղ ստեղծագործելը և աշխատելը աշխարհի մակարդակով մրցությակ միջավայր է»։

Ռուսաստանցիները մտահոգված են՝ օր-օրի խստացող արևմտյան պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդելու երկրի տնեսական վիճակի ու իրենց վրա։ Նրանցից շատերը նաև այդ պատճառով են լքում երկիրը։

«Երևանում ավելի հանգիստ ու կայուն է, այս պահին դրամն ավելի կայուն, քան ռուբլին»

Մոսկվայում ծնված 25-ամյա Սամսոն Կարապետյանը, որը վերջերս է Հայաստան եկել, հիմա էլ միտք չունի վերադառնալու Ռուսաստան. մասնագիտության տվյալների վերլուծաբան է, ասում է՝ հնարավորություն ունի հենց Երևանից հեռավար աշխատելու։ Պատմում է, որ ընկերներից, գործընկերներից ու հարազատներից շատերն են մտածում Ռուսաստանը լքելու, Հայաստան գալու մասին. - «Ես ընկերներ ունեմ, ոչ միայն հայեր, որոնք պատրաստվում են տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ շատ ընկերություններ, որոնք հայկական չեն, ամբողջությամբ Մոսկվայից տեղափոխվում են Երևան, քանի որ այստեղ ավելի հանգիստ ու կայուն է, այս պահին դրամն ավելի կայուն, քան ռուբլին»։

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով նաև ուկրաինական ընկերություններն են հետաքրքրված Հայաստանով, հաստատում է Էկոնոմիկայի նախարարը, սակայն նախարարությունից դեռ տվյալներ չեն հայտնում՝ քանի ընկերություն է Ուկրաինայից ցանկացել գալ Հայաստան կամ պատրաստվում է։

XS
SM
MD
LG