Մատչելիության հղումներ

«Փոքրը հեռախոսը գրկել պաչում էր»․ ստեփանակերտցի կինը երեխաներից կարոտն արդեն 9 օր է՝ տեսազանգով է փորձում առնել


Ստեփանակերտի բնակիչ Աննա Մուրադյան
Ստեփանակերտի բնակիչ Աննա Մուրադյան

Աննա Մուրադյանն ամեն վայրկյան պատրաստ սպասում է, թե երբ կբացվի ճանապարհը, որ երեխաներին հասնի՝ Ստեփանակերտ. - «Արդեն նույնիսկ պայմանավորվել եմ տրանսպորտը, որ հենց բացվի ճանապարհը, շուտ գնանք տուն։ Իմ հետ Եռաբլուրում զոհված սպայի ծնողներ կային, իրանք էլ եկել են ու մնացել են»։

Ասում է՝ կարոտը 9 օր շարունակ տեսազանգով է փորձում առնել, նույնը՝ երեխաները, հատկապես ամենափոքրը՝ 3-ամյա Գարեգինը. - «Փոքրն արդեն չի ուզում ընդհանրապես խոսել։ Երեկ զանգել եմ, հեռախոսը գրկել պաչում է, ասում է՝ քեզ եմ պաչում»։

Երիտասարդ կինը Երևան էր եկել ամուսնու շիրիմին այցելության՝ «Եռաբլուր»։ Ամուսինը՝ Սերգեյ Մուրադյանը, սպա էր, 44-օրյա պատերազմում է զոհվել։ Վերադառնալիս Սյունիքում էր իմացել, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են բնապահպան ներկայացող ադրբեջանցիները։ Հիմա Երևանում քրոջ տանն է ապրում՝ անորոշ սպասումով։

«Իմ պարագայում երեխաներիս մենակ ես ունեմ, երեխաներս մենակ ինձ ունեն։ Մի կողմից հայրական կարոտը, որ իրենց խեղդում է, իրենք չեն դիմանում արդեն։ Փոքր տղաս ավելի շատ է էդ զգացմունքներն արտահայտում․ անընդհատ քայլում ա, ասում ա՝ պապային կարոտել եմ, պապային կարոտել եմ... Հիմա էլ դրան ավելացել է մամային կարոտը», - ասաց Ստեփանակերտի բնակիչը։

3-ամյա Գարեգինի փոքրիկ առօրյան արդեն երկրորդ շաբաթն է, այլ է․ մայրը տանը չէ, հիվանդ ժամանակ կողքին միայն տատիկներն էին։ Աննան կասկած չունի՝ փոքրիկը կարոտից, ապրումներից է ջերմել. - «Երեկ չէ առաջի օրը ջերմում էր, ու մամաս ասում ա՝ սաղ էդ ջերմելու ընթացքում զառանցում էր, ասում էր՝ բացե՛ք էդ ճանապարհը, էդ ճանապարհը բացե՛ք»։

Ավագ որդին էլ չի դիմանում կարոտին։ 6-ամյա Գուրգենին այս օրերին խաղերը ժամանակավոր, մի քանի րոպեով են զբաղեցնում, ուշադրությունը շեղում։ Երեխան օրվա մեծ մասը փորձում է հասկանալ, թե ինչու են ադրբեջանցիները փակել ճանապարհն ու ի վերջո ե՞րբ մայրիկը տուն կգա։ Բայց նման թեմաների մասին մոր հետ նախընտրում է չխոսել։

«Բացատրեցի, որ ճանապարհը փակ ա, ասում ա՝ տատի, դրանք կարո՞ղ ա գիտեն, որ մեզ մի անգամ հաղթել են, պիտի կառավարեն։ Տենց չի լինելու... Մեր երեխաների մանկությունը սենց ա անցնում։ Երեխան մտահոգվում ա մամայի համար, որ ճանապարհին ա մնացել։ Բա որտե՞ղ ես մնալու գիշերը, հարցնում էին ինձ էն առաջին օրը, որ Գորիսում էինք։ Բա ե՞րբ ես գալու, բա ո՞նց ես գալու»։

Այրի կինը հիմա ավելի շատ ոչ թե կարոտից ու անորոշ իրավիճակից է տագնապում, այլ որ հանկարծ ամենափոքրի առողջական խնդիրները կրկին չսրվեն, ու Երևան տեղափոխվելու անհրաժեշտություն առաջանա. - «Ցավը բռնեց, սպազմային էդ ցավը բռնեց, ես իրան պիտի բերեմ Երևան։ Հիմա ինքը ընտեղ ա, էդ բլոկադայի մեջ...»

Երեկ Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ ու միջնորդությամբ էր անցել ադրբեջանցիների միջով, 62-ամյա արցախցին սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։

«Ազատ աշխարհում մարդիկ պատանդի կարգավիճակով ապրում են... Սա ապրել չի, սա արդեն գոյատևել ա», - ասում է Աննան։

Ճանապարհի երկու կողմում են պարտադրաբար բաժանված ընտանիքները։ Ռուզան Հովհաննիսյաննի 15 տարեկան աղջիկն էլ անհամբեր սպասում էր մորը, պատերազմից հետո առաջին անգամ տոնածառ էին պատրաստվում դնել տանը, բայց հիմա չգիտեն՝ կդնե՞ն, ու արդյոք ամանորը ընտանիքով կդիմավորեն. - «Քննությունների ա։ Ուզում էի, որ անպայման գնամ, կողքը լինեի էդ օրերին, բայց մտածում ես, կարող ա նաև ոչ միայն քննության օրերին, այլ Նոր Տարվա տոն օրերին էլ չլինես»։

Ռուզան Հովհաննիսյան
Ռուզան Հովհաննիսյան

Օրը մի քանի անգամ աղջկա, հարազատների հետ է խոսում։ Ծնողները սրտանոթային խնդիրներ ունեն, դեղերն ավարտվում են, դեղատներում հիմա անհրաժեշտ դեղորայքը դժվարությամբ են ճարում, ասում է։

Շրջափակման մեջ գտնվող Արցախում օրեցօր նաև բանջարեղենի խանութներն են փակվում, խանութներում էլ սննդամթերքի տեսականին րոպե առ րոպե նվազում ու չի համալրվում։ Մինչ միջանցքի փակվելը Արցախ Հայաստանից տոննաներով մթերք էր ներմուծվում։

«Ասում են սոխ ու կարտոշկա չկա, բայց ուրիշ տեղերից ես իմանում եմ, որ նույնիսկ հացի խնդիր կա, նույնիսկ բանջարեղերի խնդիր կա շատ լուրջ», - ասում է Ռուզանը։

Շատ բան հարազատներից չի կարողանում իմանալ, չեն ուզում կիլոմետերի հեռավորությունից անհանգստանա, հատկապես, որ հիմա որևէ բան չի կարող փոխել. - «90-ականներին շատ ավելի վատ օրեր ենք տեսել, հաղթահարել ենք։ Ուղղակի էս հեռավորությունը երեխայից, էդ ա ամենից շատը նեղում։ Մնացածը ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք»։

ՄԱԿ-ի գրասենյակի առաջ արդեն 7-րդ օր անժամկետ նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի մոտ է գալիս Ռուզանը՝ լավ լուրի սպասումով. - «Ամեն րոպե սպասում ենք, որ կարող ա ինչ-որ լավ լուր լինի, գալիս ենք ստեղ էդ հույսով, որպեսզի իրար տեսնենք, քննարկենք, հասկանանք մարդիկ ինչ են խոսում»։

Ռուզանի ու Աննայի նման հարյուրավոր ծնողներ ու երեխաներ են անհամբեր, ամեն վայրկյան լավ լուրի սպասումով` ճանապարհի երկու կողում էլ։ Ե՞րբ կբացվի միջանցքը, հարցից ավելի շատ մտահոգում է անորոշ ապագան։

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով, պաշտոնական տվյալներով, 1100 քաղաքացի, որից մոտ 300-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունեն։ Նրանց մի մասը Երևանում է, մյուս մասը Սյունիքի մարզի հյուրանոցներում կամ հարազատների տանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG