Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված․ վարչապետ


Նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում, ասաց գործադիրի ղեկավարը նաև շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում։

«Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»

Ապօրինի որակելով Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում՝ վարչապետը քննադատեց նաև Ռուսատանի Դաշնությանը՝ շեշտելով՝ դե ֆակտո Ռուսաստանը ևս չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Վարչապետը հիշեցրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

«Այս դրույթն այսօր փաստացի չի գործում։ Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», - ասաց գործադիրի ղեկավարը։

«Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղղարկելու ուղղությամբ»։

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց միջանցքի փակմանը հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն հայտնեց նաև հայաստանյան և սփյուռքի կազմակերպություններին, անհատներին, մասնագիտական խմբերին, «ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար»։

Վարչապետը կոչ արեց միասնական ջանքերն այս ուղղությամբ ավելի մեծացնել․ - «Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղղարկելու ուղղությամբ»։

Երևանը Բաքվին առաջարկներ է փոխանցել

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։

«Հույս ունեմ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։

Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացվել։

Ադրբեջանին ենք փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։

Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել։ Այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը։

Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մենք շարունակում ենք մեր ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ», - եզրափակեց գործադիրի ղեկավարը։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG