Մատչելիության հղումներ

Արցախցիները շարունակում են փակ ճանապարհի պատճառով հարազատներից ու իրենց տներից հեռու գտնվել


Գայանե Մկրտչյանը 6 ամսական և 15 տարեկան աղջիկների հետ Գորիսում է մնացել։ Արդեն երկրորդ շաբաթն է կիսվում, որ փակ ճանապարհի պատճառով Արցախ վերադառնալ չեն կարողանում։ Կինը 8 տարեկան միջնեկին թողել էր տատի մոտ Ստեփանակերտում, այժմ տեսակապով է խոսում երեխայի հետ, փորձում համոզել, որ շուտով հետ են գնալու։

«Խոսում ենք սկայպով. բայց էդ ամեն ինչը զրո ա, որովհետև ես շատ ուշադիր եմ, շատ, ամեն ինչի հանդեպ, իրանց դպրոց գնալ-գալը, շփվելը, հեքիաթներ իրենց հետ կարդալը, դաս սովորելը, լրիվ ամբողջ օրը միասին ենք անցկացնում, իսկ հիմա ստեղից ընդեղ շատ դժվար է մեզ համար», - ասում է նա։

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում աշխատող բուժքույրն ասում է, որ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ իրենից երկար ժամանակով բաժանման պատճառով միջնեկ աղջիկը սթրես է տարել, հիմա վախենում է, որ նորից կրկնվի երեխայի ծանր հոգեբանական վիճակը. «Առավոտները բարեկամների հետ շփվում ա, բայց որ գալիս ա արդեն 7-ը, 8:30, արդեն լաց ու կոծը բռնում ա, չի դիմանում։ Անընդհատ զանգում ա, մամ, ե՞րբ եք գալու, ճանապարհները ե՞րբ ա բացվելու»:

Պաշտոնական տվյալով՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով ավելի քան 1100 արցախցիներ, նրանց թվում՝ մոտ 300 երեխաներ արդեն տասն օր է՝ զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։

Արցախցի Ծովինար Մակյանը Երևանում կոնքազդրային հոդի պրոտեզավորումից հետո տուն գնալու ճանապարհին Գորիսում իմացավ, որ ադրբեջանցիները տուն գնալ չեն թողնում։

«Ենթադրենք՝ հյուրանոցը մեզ չընդունեց, ի՞նչ պետք ա անեինք էս ձմեռվա կեսին», - հարցնում է նա:

Հիմա հյուրանոցի սենյակում մտորում է Արցախի և արցախցիների անվերջ, անլուծելի թվացող հարցերի մասին. «Արցախի խորքում թե ինչ կա, էդ մարդկանց նենց գերել ա, արդեն սաղ ազգերը հանել են իրար դեմ էդ հարստության համար, ստե հարստության կռիվ ա գնում, ոչ մի բան էլ չկա»։

75-ամյա կինը մտածել է նաև ադրբեջանցիների հետ հաշտության մասին, բայց եզրակացրել, որ վերջին պատերազմից հետո հաշտությունը հարևանի հետ ավելի դժվար է դարձել. «Բայց մենք էլ էն աստիճանի ծայրահեղ վիճակի ենք հասցրել, որ մենք իրար հետ չենք կարող ապրել, որ ասենք՝ համաձայն ենք: Արցախը Ադրբեջանի կազմում չի լինի, դա չի լինի, հնարավոր չէ, որովհետև էս պատերազմը շատ … նորմայից դուրս, նորմային չբռնող էնքան գործողություններ են կատարվել»:

Ոչ Ադրբեջանի կազմում և ոչ էլ առանց Արցախի տարեց կինը իր կյանքը չի պատկերացնում։ Ռուսաստանում բնակվող տղաներն ու թոռները իրենց մոտ են կանչում, բայց գնալ չի ուզում։

«Թոռներս ընդեղ են, տղերքս ընդեղ են, առանց աչք ճպալու կարամ հասնեմ ընդե, բայց չեմ կարա գնամ ես ընդեղ, չեմ ուզում ես ընդեղ, չեմ կարա ապրեմ: Էս ճանապարհը որ տվել են, սա մահապատիժ ա ղարաբաղցու համար», - մտորում է կինը:

Հիմա օր առաջ տուն հասնել է ուզում։ Լսել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելով հնարավոր կլինի խնդիրը կարգավորել։ Բայց որքան մտածում է, միջազգային կառույցների վրա հույս դնել չի կարողանում։

«Ախր էս միջազգային կառույցներն էլ են է էն ընդերքի համար պայքարւմ, որ մեկին հույսս դնեմ, որտեղից բռնում ես, էնա գնում ա ընդերքը», - նշում է նա:

XS
SM
MD
LG