120 հազար մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման միայն չորրորդ օրը արձագանքեց Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով «հումանիտար ճգնաժամ»։
«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում», - ասաց նա:
Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի «կոպիտ» ոտնահարման, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը չապահովելու մեջ, հատուկ շեշտեց Հայաստանով միջանցք տրամադրելու ադրբեջանական պահանջները՝ դրանք չհիմնավորված համարելով: Արդյոք հենց դա է Լաչինը բացելու՝ Ադրբեջանի չհայտարարաված պահանջը, Փաշինյանը չմանրամասնեց։
«Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի», - շեշտեց նա:
Հայաստանի վարչապետը «առնվազն տարօրինակ» համարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, ինչպես ձևակերպեց, «մի շարք բարեկամ երկրների լռությունը»։
Բրյուսելի, Վաշինգտոնի, Փարիզի, Աթենքի ու Օտտավայի Բաքվին ուղղված՝ Լաչինի միջանցքը բացելու ուղիղ կոչերին զուգահեռ մինչև այս պահը լուռ են Հայաստանի երկու հարևանները՝ Իրանն ու Վրաստանը, իսկ ռազմավարական դաշնակից ու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանից հայտարարություն միայն Փաշինյանի խոսքերից հետո հնչեց։
Արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախ մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, ասաց՝ ակնկալում են տրանսպորտային կապերի լիակատար վերականգնում ամենամոտ ապագայում, ու դրա շուրջ այս օրերին, նրա խոսքով, ակտիվ աշխատում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը։
Անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը Բաքվին ուղիղ կոչ չարեց, միայն հիշատակեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով կողմերը պարտավորություններ են ստանձնել ու պետք է իրականացնեն։
Ի՞նչ քայլեր է անում իր նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու պարտավորություն ստանձնած Փաշինյանի կառավարությունը։ Պաշտոնապես հայտարարվել է՝ Հայաստանի արտգործնախարարությունը չի բանակցում Լաչինի միջանցքի բացման հարցով, ռուս խաղաղապահներն են ադրբեջանցիների հետ քննարկումներ անում։ Ըստ վարչապետի՝ Հայաստանի հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը։
Ընդդիմություն ՀՀ իշխանությանը մեղադրում է ձեռքերն Արցախից լվանալու մեջ
Ընդդիմությունը Հայաստանի իշխանությանը մեղադրում է ձեռքերն Արցախից լվանալու մեջ։
«Ոնց որ իրենք հարևանի հեռու բարեկամն են ու նենց ձեռքի հետ ասում են էլի՝ դե դուռը բացեք», - ասում է նախկին իշխանական Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Հայաստանը դիտորդ է դարձել, միայն թղթի վրա են գրել, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն են. «Այս ընթացքում պետք է իրենք բոլոր միջազգային հարթակներում բարձրացնեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Այդ մարդիկ չեն արել, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ ո՞ւր է հիմա երաշխավոր, դուք տեսնում եք՝ մարդիկ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք ի՞նչ կապ ունեն: Մեկ ռուս խաղաղապահների վրա կգցեն, վաղը կգցեն ամերիկացիների վրա»:
Իշխանությունները հակադարձում են
Ընդդիմության մեղադրանքներին իշխանությունից հակադարձում են՝ ստեղծված իրավիճակում հնարավորն են անում։ Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հղում է անում դեռևս արդյունք չտված միջազգային արձագանքին:
«Ես կարծում եմ՝ անվտանգությունը երաշխավորելու կարևորագույն և առաջին քայլերից մեկը հենց դիվանագիտական աշխատանքն է: Ես հույս ունեմ, որ չկա պատկերացում, որ Հայաստանը պետք է այս հարցը ռազմական ձևով լուծի: Չեմ կարծում՝ դրա տեղն է Լաչինի միջանցքը այդ հարցը լուծելու համար: Ես հույս ունեմ, որ այդ արձագանքներին կհետևեն նաև գործողություններ», - նշեց պատգամավորը:
Եռակողմ հայտարարությունից, ըստ ՀՀԿ-ական Շարմազանովի, առաջինը Նիկոլ Փաշինյանն է շեղվել. «Խոսել է եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու մասին, բայց ո՞վ է առաջինը շեղվել այդ դրույթներից, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը պե՞տք է տան թուրքերին, այնտեղ մաքսակետ պիտի՞ լինի», - հարցնում է նա:
Իշխանությունից շարունակում են ասել՝ ստեղծված իրավիճակը տեղի է ունենում Լաչինի միջանցքի երկայնքով, որը Ռուսաստանի պատասխանատվության ներքո է. «Ընդդիմության մի մասը երեկ կառավարության շենքի մոտ հանրահավաք էր անում, և տպավորություն կարող է ստեղծվել օրինակ՝ մեր միջազգային գործընկերների մոտ, որ Հայաստանի կառավարությունն է փակել Լաչինի միջանցքը, և Հայաստանի կառավարությունից են պահանջում բացել միջանցքը»:
Ի դեպ, Ռուաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր անթույլատրելի է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի, շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։ Խաղաղապահներին այս օրերին քննադատել են ոչ միայն Բաքվից, այլ նաև Երևանից՝ իշխանական պատգամավորները։