Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում է նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

«Հուսանք՝ սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար», - ֆեյսբուքյան իր էջում որոշմանն արձագանքել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Ճանապարհն արդեն տասն օր է, ինչ փակ է: ՄԻԵԴ-ը մինչև երկուշաբթի ժամանակ էր տվել Ադրբեջանին այս պահանջին պատասխանելու համար:

Ըստ հաղորդագրության՝ որոշման մեջ նշվում է, որ դատարանը հաշվի է առել, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցրել Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պաշտոնական Երևանին մեղադրելով Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքը ոչնչացնելու մեջ։

XS
SM
MD
LG