Մատչելիության հղումներ

Գորիսի հյուրանոցներում ապաստանած արցախցիները րոպե առաջ տուն հասնել են ուզում


Գոհար Ասլանյանը մի քանի օր առաջ Երևան՝ Եռաբլուր էր գնացել՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմին այցելության։ Լաչինի միջանցքի փակումից հետո բազմաթիվ արցախցիների նման նա էլ է Գորիսում մնացել անորոշ, սպասման մեջ։

«Ես ուզում եմ շուտ տուն հասնել, ես չեմ ուզում վերադառնալ Երևան», - ասում է նա:

Ոչ թե իր, այլ Արցախում շրջափակման մեջ հայտնված թոռների և իրենց հետ հյուրանոցում ապաստանած արցախցի մյուս երեխաների համար է անհանգստանում. «Հլա մենք ոչինչ, բայց էս երեխաները շատ մեղք են առանց ծնողների։ Ծնողները Ստեփանակերտում անհամբեր սպասում են»:

Տիկին Գոհարը զայրանում է՝ ադրբեջանցիներին վստահել չեն կարող, հարկավոր էր շուտ մտածել Հայաստան-Արցախ այլընտրանքային կապի մասին:

«Իրանք աում են՝ մեր տերիտորիան ա, մենք էսպես ենք ուզում, թուրքերն էսպես են ուզում, իսկ թուրքերի խոսքերին ի՞նչ հավատաս։ Էլ չե՞ն փակելու ճանապարհը, եթե բացեն, նորից են փակելու։ Դա դարձել է իրենց համար սովորական բան։ Դրա համար հարկավոր էր ուրիշ ճանապարհ բացել, որ թուրքերից ընդհանրապես կապ չունենայինք», - ասում է Արցախի բնակիչը:

81-ամյա Ռազմիկ Գևորգյանը Երևանում վիրահատությունից հետո Արցախ էր վերադառնում, բայց իր գյուղ այդպես էլ չկարողացավ հասնել։ Ի՞նչ են ուզում «մեզնից ադրբեջանցիները», տարակուսում է թաղավարդցի տարեց տղամարդը. «Ասում են՝ դուրս եկեք, հողը մերն է, հողը ո՞նց ա ձերը, ես չեմ հասկանում: Ես 81 տարեկան եմ, բայց իմ հերն էլ է էդքան ապրել, նրա հերն էլ է ապրել էդքան, բայց էնդեղ ոչ մի թուրք, ադրբեջանցի չի եղել, մեր գյուղում վապշե չեմ տեսել, հիմի եկել են, մտել մեր գյուղը»:

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները արդեն չորրորդ օրն է՝ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Ճանապարհը բացելու շուրջ բանակցությունները ադրբեջանական կողմի հետ վարում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, սակայն այդ քննարկումներից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

«Ես չեմ իմանում՝ ոնց արեցին, որ եկան, կրուգոմ կանգնեցին դրանք, դրա գլխին ո՞վ է, որ այդպես ա արել, որ մեզ էդպես շրջապատել են», - հարցնում է Ռազմիկ Գևորգյանը:

Հադրութից տեղահանված Աքսանա Գասպարյանը Կապանից Արցախ որդու ծնունդին էր գնում։ Հիմա չգիտի՝ հետ գնա Կապանի խնամքի կենտրոն, որտեղ Հադրութի տունը կորցնելուց հետո պատսպարվել է, թե սպասի ճանապարհի բացվելուն։ «Իմ ինչ պետքս ա, որ ես եկել եմ ստեղ, ճանապարհի վրա, իմ հինչի պետքս ա, իմ հինչին ա հարկավոր՝ ես մնամ ստեղ:

Դե ասում ա իրավիճակը լուրջ ա, գազերը կապել են, մնացել ա լույսերը, դե կարող ա լույսերն էլ տանեն, չեմ իմանում, ասում ա` կարում ես հետ դառ»:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ մարզի բոլոր հաստատությունները պատրաստ են անել հնարավորը այս օրերին մարզում ապաստանած արցախցիներին օգնելու համար։

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը, էնտեղ առկա են ֆինանսական միջոցներ, որոնք որ գոյացել են այս պահի դրությամբ հենց այլ խնդիր լուծելու համար: Այս պահին քանի որ հրատապ խնդիր է, մենք այդ միջոցները կուղղենք այստեղ, ինչքանով, որ կհերիքի այդ գումարը, կանենք», - ասաց մարզպետը:

Ճանապարհին մնացած արցախցիների հրատապ հարցերի լուծման համար մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել: Մարզպետի խոսքով՝ առաջին մի քանի զանգերը եղել են Հայաստանից և Սփյուռքից օգնության առաջարկով։

«Մնացած զանգերը հաճախակի են լինում շատ տարբեր հարցերով։ Գրանցվում է այնտեղ, որից հետո մարզպետարանի համապատասխան ղեկավար անձնակազմից համապատասխան պաշտոնյային է ուղարկվում, և մարդը կոնկրետ անձամբ կապվում է քաղաքացիների հետ և խնդիրը լուծում», - հավելեց նա:

Գորիսի հյուրանոցներում անժամկետ ապաստանած արցախցիները րոպե առաջ տուն հասնել են ուզում։ Շունչները պահած սպասում են լավ լուրի. «Ընդեղից զանգ են տալիս՝ ինչ կա՞, էստեղից զանգ են տալիս ինչ կա։ Բայց ոչ մի բան էլ չկա։ Ոչ մի արդյունքի չենք հասնում», - նկատում է Գոհար Ասլանյանը։

XS
SM
MD
LG