Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ Արևմուտքը պատրաստ չէ գնալ առճակատման Ադրբեջանի հետ․ Լևոն Զուրաբյան


Ղարաբաղի հարցով Արևմուտքի քաղաքական հայտարարությունները, դիվանագիտական ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ բավարար չեն, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն՝ ընդգծելով՝ դրանք ոչ մի էֆեկտ չեն ունենում Բաքվի վրա։

Լևոն Զուրաբյանը նկատեց՝ եթե խոսքը Ղարաբաղի բլոկադայի մասին է, դա ընդունում են արևմտյան բոլոր երկրները, կոչ են անում, դատապարտում են, սակայն, գնալ առճակատման Ադրբեջանի հետ, ըստ ՀԱԿ փոխնախագահի, նրանք պատրաստ չեն և դա ակնհայտ է։

«Կա շատ պարզ գործիք, որով բլոկադան կարելի էր բացել, ընդ որում շատ հասարակ, դա հետևյալն էր՝ սպառնալ տնտեսական սանկցիաներով Ադրբեջանի դեմ, սպառնալ նրանով, որ ադրբեջանական նավթը նույնպես կընկնի սանկցիաների տակ, բայց դա չի արվում։ Որոշակի օգնություն պատրաստ են տրամադրել, որոշակի հայտարարություններ պատրաստ են անել, բայց գնալ առճակատման Ադրբեջանի հետ, նրանք պատրաստ չեն», - ասաց Զուրաբյանը՝ շեշտելով՝ կոչերով և հայտարարություններով երբեք պետք չէ խաբվել, պետք է միշտ նայել շահերը, իսկ շահերը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, հետևյալն են՝ այսօր Եվրոպական միությունն ունի ադրբեջանական նավթի կարիք։

Հիշեցնելով սեպտեմբերյան դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, հողեր գրավեց՝ Զուրաբյանը նկատեց՝ եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, եղան դատապարտումներ, կոչեր՝ դուրս գալու էդ տարածքից, բայց ադրբեջանական զորքերը մի մետր իրենց դիրքերից չհեռացան։

Արդեն 11 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG