Մատչելիության հղումներ

Արցախից ծանր հիվանդը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան


Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

«Ազատության» տեղեկությամբ, Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կոչ անելով արձագանքել ու գնահատական տալ՝ մարդասիրական աղետը կանխելու համար։

XS
SM
MD
LG