Ովքե՞ր են «բնապահպանական աղետի դեմն առնելու» նպատակով Շուշի հասած էկոակտիվիստները, որոնք արդեն երրորդ օրն է`փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։ Ովքե՞ր են ինքնաբուխ հանրահավաքի դուրս եկել մի երկրում, որտեղ հարյուրավոր ընդդիմադիրներ ազատազրկված են, ակտիվիստներն էլ մինչ օրս բերման էին ենթարկվում հաշվված րոպեների ընթացքում։
Շատերին միավորում է սերն ու համակրանքը Ալիևների ընտանիքի նկատմամբ
«Ազատություն»-ը մի խումբ ցուցարարների է նույնականացրել, որոնք ցույցի առաջին շարքերում են և ամենաբարձրն են բնապահպանական կարգախոսներ վանկարկում, մինչ այդ, սակայն, աչքի չեն ընկել շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգություններով: Ավելին` բաց աղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ նրանցից շատերին միավորում է սերն ու համակրանքը նախագահական ընտանիքի նկատմամբ և պարծանքը Բաքվի ռազմական հաջողություններով։
Ցուցարարների շարքում է, օրինակ, ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը: Ըստ տեղեկությունների՝ նա պահեստազորի կապիտան է, խոսում է հայերեն։
Լուսանկար Ռամիլ Սաֆարովի հետ
Բնապահպան ներկայացող ակտիվիստը Ֆեյսբուքում հարյուրավոր լուսանկարներ ունի ոչ թե բնության գրկում, այլ` ռազմի դաշտում, զինվորական համազգեստով, զենքը ձեռքին:
Լուսանկարներից մեկում էլ նրա կողքին երևում է Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել: Ցույցի ժամանակ Գասիմովը հայերենով խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, հորդորում ապրել միասին: Սոցցանցերում, մինչդեռ, նա ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, Ֆեյսբուքում անգամ հատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի և Արցախի դրոշը կոխկրտող, վառող զինվորականների լուսանկարներ։
Տեսանյութերում երևում է «Գորշ գայլերի» նշանը
Տասնյակ ցուցարարների շարքում երևում են զինվորականներ, տեսանյութերում մի քանի անգամ երևում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը, որը եվրոպական մի շարք երկրներում արգելված է։ Ցուցարարները գիշերում են վրաններում։ Ցուցարարներին վրաններ է տրամադրել Ադրբեջանի կառավարությունը։ Ցուցարարներից մեկի բաճկոնին էլ երևում է Ադրբեջանի պետական ջրային ընկերության` AzerSu-ի տարբերանշանը:
Ռուհիյե Մեմեդովա․ ոչ մի գրառում բնության կամ բնապահպանության մասին
Լաչինի միջանցքից ակտիվորեն տեսանյութեր է տարածում նաև Ռուհիյե Մեմեդովան:
Նրա ֆեյսբուքյան էջը բացելիս անմիջապես աչքի է զարնում տեր և տիկին Ալիևների պատկերը, որը մի քանի անգամ մեծ է օգտատիրոջ սեփական լուսանկարից: Բնապահպան ներկայացող Մեմեդովան Ֆեյսբուքում մինչ օրս որևէ գրառում չի արել բնության կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Փոխարենը ակտիվորեն տարածում է նախագահ Ալիևի ելույթները, այդ թվում`վերջինիս ռազմատենչ սպառնալիքները Հայաստանի հասցեին:
Նեզաքեթ Հեսենովա
Լաչինի միջանցքի ցուցարարներից է նաև Նեզաքեթ Հեսենովան, որը «բնապահպանական աղետի» դեմ պայքարի է ելել մորթյա մուշտակով։
Զուլֆիյա Նուրիևա
Զուլֆիյա Նուրիևայի ֆեյսբուքյան էջից դատելով՝ տիկինը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի, բնպահպանական ոլորտը, սակայն, դրանց մեջ չի երևում։
Գլխավոր տեղում նախագահ Ալիևն է՝ բռունցքը վեր պարզած, ում Նուրիևան պարտաճանաչ շնորհավորում է ծննդյան օրվա առիթով, մաղթում, որ նա ապրի հարյուր տարի` «Մենք սիրում ենք ձեզ» մակագրությամբ:
Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ցույցի գնալու օրն էլ տիկնոջ մտքում ոչ թե բնությունն էր, այլ սերը համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հանդեպ՝ «Հզոր առաջնորդը միշտ իմ սրտում է», - գրել է նա Լաչինի միջանցքը փակելուց առաջ։
Նայիլե Իսմայիլովա
Էկոակտիվիստներից է նաև Ֆեյսբուքում ավելի քան 10 հազար հետևորդ ունեցող Նայիլե Իսմայիլովան, որը, սակայն, մինչ օրս որևէ գրառում չի արել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Փոխարենը՝ առիթը բաց չի թողնում նախագահ Ալիևին ու նրա տիկնոջը աջակցություն հայտնելու համար:
Օրերս, օրինակ, նա հետևորդներին «լավ լուր» է հայտնել, «թե շուտով Ադրբեջանի իշխանությունների ջանքերով Ուկրաինան ազատ կարձակի» Միսիր Գասիմլիին և Սուբհան Գուլիևին, որոնց դատարանն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել հայի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հանցագործները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Իսմայիլովայի հրապարակած լուսանկարում նրանցից մեկի շապիկին Էրդողանի և Ալիևի լուսանկարներն են: «Ես անձամբ հավատում եմ նախագահ Իլհամ Ալիևին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Եկեք կանգնենք նրանց կողքին»,- հորդորել էր էկոակտիվիստը։
Քազմե Յուսուբովա․ «Բնապահպանական իրազեկում և մոնիտորինգ»-ը շնորհավորել էր «երկաթյա բռունցքի» հաղթանակը
Բաց աղբյուրներում առկա տեղեկություններով՝ կանաչների հետ որոշակի առնչություն ունի ցուցարար Քազմե Յուսուբովան, ով, ըստ ֆեյսբուքյան էջի, աշխատում է «Բնապահպանական իրազեկում և մոնիտորինգ» ("Ekoloji Maarifcilik ve Monitorinq IB") կազմակերպությունում: Հասարակական այդ կառույցն, ի դեպ, երկու տարի առաջ` պատերազմից հետո, հրապարակավ շնորհավորել էր նախագահ Ալիևին հաղթանակի կապակցությամբ ու ընդգծել` «Մենք վստահ ենք, որ կարճ ժամանակում, շնորհիվ ձեր վճռական կամքի և ձեր երկաթյա բռունցքի, որով թշնամու գլուխն ենք ջախջախել, շնորհիվ մեր բանակի սխրանքի և քաջության մեր եռագույն դրոշը կծածանվի Խանքենդիում, Խոջավանդում, Խոջալուում, Աղդերեում, Լաչինում, Քելբաջարում, Աղդամում»։ Սրտառուչ նամակը հրապարակվել էր Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում:
Ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերը ևս կասկածելի դեպքեր են առանձնացրել
Էկոակտիվիզմի նման կասկածելի դեպքեր նաև ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերն են առանձնացրել: Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դեմ այն դեպքում, երբ հեղինակավոր կազմակերպությունները տասնյակ փաստեր են հրապարակել Ադրբեջանի տարածքում Ալիևների ընտանիքի կողմից ապօրինի շահագործվող հանքերի վերաբերյալ։
«Բազմաթիվ հետաքննություններով ապացուցվել է, որ Դաշքեսանի և Գեդաբեկի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ գտնվում է Ալիևների վերահսկողության տակ, մինչ օրս, սակայն, որևէ ակտիվիստ չի բողոքել դրա դեմ», - արձանագրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Լրագրող Խադիջա Իսմայիլովան էլ հիշեցնում է ադրբեջանական Չովդար հանքավայրը, որտեղ հետաքննությամբ ոչ միայն հսկայական կոռուպցիոն ռիսկեր, այլև բնապահպանական խնդիրներ էին հայտնաբերել: «Մեզ ոչ ոք չլսեց: Եթե այդ ակտիվիստներն այն ժամանակ բողոքեին, այսօր նրանց ձայնն ավելի բարձր կլսվեր», - Ֆեյսբուքում գրել է Իսմայիլովան:
Իրավապաշտպան Անար Մամեդլին Meydan TV-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհի հետնապահներից է ոչ միայն մարդու իրավունքների, այլև բնության պաշտպանության առումով: «Եվ երբ այդպիսի երկրի բնակիչները Ղարաբաղում ցույց են անում, դա լուրջ չի ընդունվի», - ընդգծել է իրավապաշտպանը:
«Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից»
Տնտեսական և քաղաքական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին, մինչդեռ, առավել հստակ է դնում հարցը. - «Դուք չգիտե՞ք, որ բնապահպանությունն այդ ակցիայի միակ պատճառը չէ», - ասել է նա՝ բացելով փակագծերը. - «Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից, և այդ նպատակին ուղղված յուրաքանչյուր քայլ, այդ թվում՝ բնապահպանական կարգախոսները, աջակցության է արժանի»:
Է՛լ ավելի բաց է արտահայտվել ադրբեջանցի քաղաքագետ Շուջաթ Ահմեդզադեն: «Միամտություն է կարծել, թե վերջին օրերին իրադարձությունների պատճառը միայն բնապահանական մտահոգություններն են», - գրել է նա Թվիթերում, մանրամասնելով` օգտվելով Ռուսաստանի թուլությունից, որը լուրջ մարտավարական կորուստներ է կրում Ուկրաինայում, Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել և այդ նպատակով օր-օրի ավելացնում է խաղադրույքները:
Ի դեպ, այս գրառումից ժամեր առաջ Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության պետական ծառայությունը հաղորդել էր, թե էկոակտիվիստների նման իրենք էլ են պատրաստ մոնիտորինգի գնալ Ղարաբաղ և սպասում են իշխանությունների հրահանգին: