Մատչելիության հղումներ

Արցախի կառավարությունում օպերատիվ շտաբ կստեղծվի


Արցախի կառավարությունում կստեղծվի օպերատիվ շտաբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով, այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով շտաբը կգործի 24-ժամյա ռեժիմով։

Վարդանյանը հրատապ խոհրդակցությունն անցկացրել է Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների հետ։

Իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, ասել է Արցախի պետնախարարը՝ միաժամանակ շեշտելով, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար:

Պետնախարարը կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:

Պետնախարարին զեկուցվել է առկա պաշարների և ռեսուրսների մասին: Վարդանյանը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:

Այսօր նաև Արցախի անվտանգության խորհուրդն է ընդլայնված նիստ հրավիրել և որոշել համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանն՝ «անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի»:

Արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ և հենց ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը՝ պահանջելով հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

XS
SM
MD
LG