Երկրորդ օրն է Արցախը շրջափակման մեջ է։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, որ փակ ճանապարհի պատճառով չեն կարողանում Երևան հասնել։
«Այս մարդկանց կյանքին վտանգ է սպառնում», - ահազանգում է բուժկենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։ - «Երկուսը ծայրահեղ ծանր ռեանիմիացիայում ա, մեկը սրտաբանական բաժանմունքում ա, իսկ երկու մյուսը արդեն ստաբիլիզացված են, իրանք պետք է գնան այլքաղաքային հետազոտման»։
62-ամյա արցախցին այսօր Երևանի սրտաբանական կենտրոնում պետք է վիրահատվեր, բայց ծայրահեղ ծանր վիճակում մնացել է Ստեփանակերտում։ 39-ամյա կինը երկու շաբաթ է բարձր ջերմություն ունի, անհապաղ հետազոտություններ են անհրաժեշտ Երևանում։ Խնապատցի 42-ամյա մի տղամարդ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո պետք է անհապաղ Երևան տեղափոխվի... և էլի մարդիկ։
«Յուրաքանչյուր ժամը կարող է վերջինը լինել սպասող ծանր հիվանդների համար», - ահազանգում են արցախցի բժիշկները նաև միջազգային հանրության համար։
Մհեր Մուսայելյանն ասում է՝ եթե ճանապարհը փակ մնա, առաջիկայում նաև դեղորայքի ու բժշկական պարագաների խնդիր կունենան։
Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակել են իրենց բնապահպաններ անվանող ադրբեջանցիներ, լսել են, որ Արցախում ծանր հիվանդներ են մնացել, առաջարկ ունեն. - «Մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենաների համար, պատրաստ ենք բուժօգնություն առաջարկել Ադրբեջանի տարածքում՝ Շուշիում, կամ նրանց Բաքու տեղափոխել»։
«42 խաղաղ բնակիչ իր տանն սպանվել է ադրբեջանցիների ձեռքով 44-օրյա պատերազմի ժամանակ», - արձագանքում է Արցախի օմբուդսմենը՝ այս առաջարկը համարում ցինիզմ ուղղված արցախցիներին էլ, միջազգային հանրությանն էլ։
Օմբուդսմենն ահազանգում է՝ շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, ձմեռվա այս ցրտին, 270 երեխա այս պահին կտրված է ծնողներից։ Արցախի շուրջ 120 հազարանոց բնակչության շրջափակումից բացի, կտրվել է Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
«Վիճակը հլա անորոշ ա, չենք իմանում ինչքան կտևի», - ասում է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը։ - «Ժողովուրդը հլա որ իրանց եղած-չեղածով յոլա են գնում։ Եթե երկարի, խնդիրներ կառաջանա»։
Նա հավելեց, որ Ստեփանակերտից երեկ ով իրենց գյուղ է եկել, հետ վերադառնալ չի կարողացել. - «Ես երեք հյուր ունեի, որ եկել էին մեր տուն, էրեկ գնացել են, որ հասնեն Ստեփանակերտ, չեն կարացել, նորից հետ են էկել։ «Արցախգազից» առավոտ շուտ էրեկ եկել էին, որ գյուղում աշխատանքներ կա կատարեն։ Վեց հոգի իրանք են, չեն կարացել գնան, գյուղումն են մնացել։ Ճանապարհային աշխատանքները կատարողները էլի առավոտ շուտ Ստեփանակերտից դուրս են էկել, հասել ստեղ, որ էս ճանապարհները մաքրեն, էլի մնացել են, չեն կարողացել հետ գնան»։
Իսկ ի՞նչ են անում ճանապարհ փակած ադրբեջանցիները Լաչինի միջանցքի Շուշիի հատվածում։ Երկրորդ օրն է, ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարին են կանչում։
Պահանջում են, որ ռուս խաղաղապահները թույլ տան իրենց մոնիտորինգ իրականացնել Արցախի Մարտակերտի շրջանում՝ Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում։ Ասում են, թե այնտեղ իրենց հանքերն ապօրինի շահագործվում են։
Պնդում են, թե չեն հեռանալու, ավելին՝ շատանալու են։ Ադրբեջանցի ցուցարարների շարքերն այսօր համալրվել են ոչ միայն թարմ ցուցարարներով, այլև ազգակից ոստիկաններով ու զինծառայողներով։ ցուցարարների «ոչ բնապահպանական ահաբեկչությանը» խորագրով ելույթներն ընդմիջվում են երգերով, պարերով։
Իսկ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի այդ հատվածում նոր վրաններ ու տնակներ են տեղադրում՝ երկօրյա լռությանը չխախտելով։
Պաշտոնական Բաքուն Արցախի ընդերքում խնդիրներ որոնելուց հետո այսօր էլ հայտարարում է՝ պատրաստ են պատմության ու մշակույթի հուշարձանների մոնիտորինգ սկսել ռուս խաղաղապահների
պատասխանատվության գոտում, այսինքն՝ Արցախում։