Աղետալի զարգացումներից խուսափելու համար հրատապ է մոբիլիզացնել միջազգային հանրությանը, կարծում է նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով՝ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Լաչինի միջանցքում, արդեն իսկ չափազանց մտահոգիչ է։
«Իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից, վերահսկումից և վերածվել ուղղակի աղետալի զարգացումների: Այդ առումով հիմա, իհարկե, ցավալի է ասել, բայց առաջին հերթին սա պաշտպանության խնդիր է և խնդիր է ուժով պաշտպանվելու», - նշեց Մնացականյանը:
Արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը, որ պաշտոնից ազատվեց 2020-ի պատերազմից ավարտից ուղիղ մեկ շաբաթ անց, իր կարճ մեկնաբանության մեջ, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ ինչպե՞ս պետք է հայկական կողմը «ուժով պաշտպանվի»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է։
Այսօր արդեն «Թվիթեր»-ում նախկին նախարարը անգլերենով գրառում էր արել՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է։
«Արցախի բնակչությանը սպառնացող էքզիստենցիալ վտանգ է իրականանում, և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի,- ընդգծել էր Մնացականյանը՝ փաստացի կրկնելով երեկ վարչապետ Փաշինյանի մտահոգությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում։
«Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է», - ասել է Փաշինյանը:
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին, մյուս կողմից ամենաբարձր մակարդակով խոսում Բաքվի ցեղասպան քաղաքականության մտադրության մասին, բարձրաստիճան նախկին պաշտոնյան ասաց, որ ստեղծված իրավիճակում նախևառաջ պետք է մտածել ինքնապաշտպանության մասին՝ չբացառելով հարցի խաղաղ ճանապարհով կարգավորումը:
«Էքզիստենցիալ վտանգը վերացնելու ճանապարհը խաղաղությունն է, բայց նաև ինքնապաշտպանությունը այն պայմաններում, երբ մյուս կողմը անում է ամեն բան, որպեսզի այդ էքզիստենցիալ վտանգը դարձնի շատ ավելի շոշափելի, ավելի բարձրացնի ռիսկերը: Հարցը նրանում չի, որ մեկը մյուսին բացառում է, մեկը մյուսին չի կարող բացառել», - ընդգծեց Մնացականյանը:
Ըստ քաղաքական վերլուծաբանի, Հայաստանը պետք է ակտիվացնի նաև երկխոսությունը Ադրբեջանի հետ
«Նրանց նպատակն է Արցախում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ այնտեղ չկարողանան ապրեն և աստիճանաբար հայաթափվի, դատարկվի այդ տարածաշրջանը», - ասաց քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը:
Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ ցեղասպանության վտանգների մասին ամենաբարձր մակարդակով զգուշացնելուց բացի կառավարական մակարդակով չի արվում մեկ այլ շատ կարևոր հայտարարություն. - «Որ ռուսական խաղաղապահները կա՛մ ի վիճակի չեն, կա՛մ չեն ցանկանում դա կանխել: Մենք տեսանք Փառուխի դեպքերը, տեսանք Աղավնոյի դեպքը, այս դեպքը, և սա շարունակվելու է: Այստեղ, իհարկե, ցավոք սրտի, Հայաստանը 2020 թվականից այն կողմ շատ քիչ լծակներ ունի ազդեցության, բայց կարծում եմ, որ այս իրավիճակը նկարագրելը հստակ և դրան քաղաքական գնահատական տալը ճիշտ կլինի, հատկապես ռուսական խաղաղապահների մասով: Պետք է հստակ ասվի, որ եթե ռուսական խաղաղապահները ի վիճակի չեն իրականացնել իրենց առաքելությունը, ապա պետք է ուրիշ խաղաղապահներ մտնեն այդ տարածաշրջան»:
Իրատեսակա՞ն է արդյոք այլ խաղաղապահների ներկայությունը Արցախում, ըստ Զոլյանի, այսօր՝ ոչ, բայց եթե հարցը հիմա դառնա օրակարգային, ապա կզգաստանան Ռուսաստանն ու Ադրբեջանը, հստակ ուղերձներ կստանա Արևմուտքը։
«Որովհետև այսօր նարնք կարող են ասել՝ «դե այնտեղ ռուսական խաղաղապահներն են կանգնած, մեզնից ի՞նչ եք ուզում, եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենան, դա ռուս խաղաղապահների մեղքն է», այո, դա նրանց մեղքն է, բայց եթե մենք հարց դնենք, որ պետք է ռուս խաղաղապահներին փոխարինել այլ խաղաղապահերով, ապա ես կարծում եմ, ինչ-որ չափով գոնե կկարողանանք խոսակցությունը փոխել», - ընդգծեց Զոլյանը:
Միջազգային հանրությունից պատասխանատվություն, աջակցություն, միջամտություն ակնարկելուց բացի Հայաստանի իշխանությունն արդյոք իր գործողությունների օրակարգը չպե՞տք է ունենա, քաղաքագիտական որոշ շրջանակում կարծում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը միայն կարող է հնարավորինս ուժեղ գործի դնի դիվանագիտական, տեղեկատվական բոլոր խողովակները։ Զոլյանի կարծքով՝ նաև պետք է ակտիվացնի երկխոսությունը Ադրբեջանի հետ՝ չբացառելով, որ Բաքուն նաև խաղարկում է այս սցենարը Հայաստանից այլ զիջումներ կորզելու համար։
«Հետո նորից փորձ է արվելու ռազմական ճանապարհով կամ ինչ-որ ուրիշ ճանապարհով գրավել այդ Մեղրիի կամ Սյունիքի, Զանգեզուրի միջանցքը, ինչպես ուզում ենք անվանենք: Իհարկե, միջանցքը կարմիր գիծ է, որը Հայաստանի ինքնիշխանության և որպես անկախ պետություն գոյատևման հետ ուղղակի անհամատեղելի է: Եվ կարծում եմ՝ այստեղ մենք պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք այս հարցի վրա», - ասաց քաղաքական վերլուծաբանը:
Պաշտոնական Երևանի օրակարգում խաղաղությունն է՝ չնայած Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, միակարծիք են փորձագետները՝ միանշանակ պնդելով՝ Հայաստանը պետք է կարողանա միջազգային հանրությանը հասանելի դարձնել՝ հստակ ինչ է ուզում։